«Բաց երկնքի» քաղաքականության իրականացման շնորհիվ 2014 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունից և դեպի Հայաստանի Հանրապետություն օդային տրանսպորտով տեղափոխվողների թիվն ավելացել է 18.5 տոկոսով: 2013 թվականի համեմատ նախորդ տարի օդային տրանսպորտով տեղափոխվել է 2 մլն 82 հազար 755 ուղևոր:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից, այս տարի ևս շարունակվելու է այդ քաղաքականությունը:

 

Երկկողմանի միջազգային կապերն ընդլայնելու նպատակով նոյեմբերի 18-21-ը Օդային հաղորդակցությունների շուրջ բանակցությունների կոնֆերանսի (ԻԿԱՆ/2014) շրջանակում տեղի են ունեցել բանակցություններ Լեհաստանի, Իսլանդիայի, Նիդեռլանդների, Ավստրալիայի, Շվեյցարիայի, Մեծ Բրիտանիայի, Հունաստանի, Սինգապուրի, Կատարի Պետության, Թաիլանդի, Քուվեյթի Պետության, Նորվեգիայի, Հորդանանի և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ:

 

Արդյունքում 10 պատվիրակությունների հետ ազատականացման նպատակով ստորագրվել են փոխըմբռնման հուշագրեր կամ հանդիպման արձանագրություններ' առավելագույնս հանելով երկկողմանի համաձայնագրերում առկա սահմանափակումները: Ձեռք են բերվել նաև պայմանավորվածություններ յուրաքանչյուր կողմի ներպետական ընթացակարգերով նախատեսված անհրաժեշտ բոլոր քայլերի ձեռնարկման համար: