Հրանտ Դինքի սպանության գործի վերանայման շրջանակում Թուրքիայում ձերբակալվել է Ջիզրեի ոստիկանապետ Էրջան Դեմիրը, ով հանցագործության ժամանակաշրջանում եղել է Տրապիզոնի ոստիկանության հետախուզական բաժնի պետը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Ջումհուրիեթ» թերթը:

 

«Արմենպրես»-ն ավելի վաղ հայտնել էր, որ Դեմիրն այս շաբաթվա սկզբին հարցաքննվել է:

 

Հրանտ Դինքի սպանության գործը վերանայող դատավոր Ռեջեթ Ույանըքն այժմ Դեմիրի համար ձերբակալության որոշում է ընդունել' «անուշադրության պատճառով մահվան հանգեցնելու», «պաշտոնեական անփութության» մեղադրանքներով:

 

Հրանտ Դինքի սպանության մասին նախապես տեղեկացված լինելու եւ միջոցներ չձեռնարկելու մեղադրանքներով օրեր առաջ ձերբակալվել էին նաեւ Տրապիզոնի ոստիկանության աշխատակիցներ Մուհեթին Զենիթը եւ Օզքան Մումջուն:

 

Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին' խմբագրության առջեւ նրա վրա կատարված զինված հարձակման արդյունքում:

 

2012 թվականի հունվարի 17-ին դատարանի որոշմամբ' Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը' 22 տարվա ազատազրկման:

 

2014 թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը որոշում է կայացրել Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը սկսել զրոյից: Այս անգամ բոլոր ամբաստանյալներին կառաջադրվի «հանցավոր խմբավորման ստեղծման եւ կառավարման կամ դրանում մասնակցություն ունենալու» մեղադրանք: Բացի այդ, Դինքի սպանության ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած 9 անձանց, այդ թվում Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերահի նկատմամբ դատական գործեր հարուցելու կապակցությամբ որշումներ են ընդունվել: