Ադրբեջանի իշխանության ներսում հակաամերիկյան արշավի նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէ: Հակաամերիկյան արշավին հատկապես դեմ են օլիգարխները: Դա բխում է ոչ թե այն բանից, որ նրանք ԱՄՆ-ի հետ նույն դիրքորոշումն ունեն, այլ օլիգարխները գտնում են, որ դիմակայությունը խորանալու եւ իշխանության դեմ պատժամիջոցներ կիրառվելու դեպքում առաջին հերթին հարված է հասցվելու իրենց: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազադլիգ»-ին հայտնել է ներիշխանական աղբյուրը:

 

Ըստ նրա' դրանով է պայմանավորված այն, որ իշխանության սանձազերծած հակաամերիկյան արշավին բացահայտ չեն աջակցում օլիգարխներին մոտ պատգամավորները, ոչ կառավարական կազմակերպությունները եւ մամուլը:

 

Մարդու իրավունքներին հարգանքով վերաբերվելու մասին Ադրբեջանի իշխանությանն ուղղված ԱՄՆ-ի կոչերը լարվածություն են առաջացրել Բաքվի եւ Վաշինգտոնի միջեւ: Այդ լարվածությունն ավելի է ուժեղացել ԱՄՆ-ի հեղինակավոր New York Times թերթում «Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւի երկու երեսը» վերնագրով հոդվածից եւ ԱՄՆ-ի պետքարտուղարի նախկին տեղակալ Դեւիդ Կրամերի' «Ազադլիգ» ռադիոյին տված վերջին հարցազրույցից հետո:

 

Որպես New York Times-ին պատասխան, Ադրբեջանի պաշտոնական «Ազերբայջան» թերթը «Բարաք Օբամայի երկերեսանիությունը» վերտառությամբ հոդված է հրապարակել: Հոդվածում ԱՄՆ Նախագահի հասցեին խիստ մեղադրանքներ են հնչեցվել: Դրանից բացի, հունվարի 15-ին Ադրբեջանի իշխանության վերահսկողության տակ գտնվող ոչ կառավարական կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ Բաքվում ԱՄՆ-ի հետ կապված լսումներ են կազմակերպվել: