Ամերիկյան բանակը մտադիր է ավելի քան 400 զինվորական մասնագետ տրամադրել սիրիական ընդդիմադիր ուժերի զինպատրաստություն անցկացնելու համար' «Իսլամական պետության» դեմ Սիրիայում պայքարելու նպատակով:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Էլիսա Սմիթը: Նրա խոսքով' ամերիկյան ուժերը զինպարաստությունը կսկսեն գարնանը Սիրիայից դուրս գտնվող տարածքներում՝ Սաուդյան Արաբիայում, Թուրքիայում և Քաթարում: Այլ մանրամասնություններ այդ մասին դեռ չեն հաղորդվել:

 

Սիրիական ընդդիմադիր ուժերի զինպատրաստության ծրագիրը համարվում է ԻՊ-ի դեմ պայքարելու միջոցներից մեկը Սիրիայում և Իրաքում: Վաշինգտոնը հուսով է, որ իր դաշնակից երկրները նույնպես մասնագետներ կուղարկեն ընդդիմադիր ուժերին մարզելու համար:

 

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Ջոն Քիրբին նշել էր, որ իր երկիրը համակարգում է գործողությունները Թուրքիայի հետ Սիրիայի ընդդիմադիր ուժերին մարզելու հարցում:

 

ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային դաշինքի երկրները Սիրիայում ԻՊ-ի դեմ ռազմական գործողությունները սկսել են սեպտեմբերի 23-ին: Ավելի քան 3 ամիս շարունակվող ռմբակոծությունների արդյունքում չի հաջողվել վճռական հարված հասցնել ԻՊ-ին, հակառակը՝ ահաբեկիչներն ընդլայնել են իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքները Սիրիայում: