Մայր Տաճարում հունվարի 18-ին մատուցված սուրբ և անմահ պատարագի ավարտին կատարվել է հոգեհանգստյան արարողություն հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյան ընտանիքի 6 անդամների հոգիների խաղաղության համար: Մայր Աթոռի միաբանությունը նաև միասնական աղոթք է բարձրացրել առ Աստված փոքրիկ Սերյոժայի շուտափույթ առողջացմա ն հայցով:

 

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում հունվարի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցած Մայր Աթոռի Վանական խորհրդի և վանաբնակ եպիսկոպոսների խորհրդակցության ընթացքում մասնավոր անդրադարձ էր կատարվել Գյումրիում տեղի ունեցած սարսափելի ոճրագործությանը, դրա հետևանքով ժողովրդի մեջ առաջացած հուզումներին և արձանագրված ցավալի միջադեպերին: Կատարվածի առնչությամբ Ամենայն Հայոց կաթողիկոսն իր խոսքում մասնավորաբար ասել էր. «Այս օրերին մեր ողջ ժողովուրդը ցավի և վշտի մեջ է Գյումրիում տեղի ունեցած անմարդկային ոճիրի պատճառով: Ամենքիս ակնկալությունն է, որ օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկվեն ոճրագործության հետ առնչված բոլոր հանցավորները: Վստահ ենք, որ պետական պատկան մարմինների կողմից հանցագործության ամբողջական բացահայտման և մեղավորների դատապարտման ուղղությամբ կիրականացվեն օրենքով նախատեսված անհրաժեշտ բոլոր քայլերը:

 

Մեր մտահոգությունն ենք հայտնում հունվարի 15-ին ժողովրդային հուզումների ընթացքում արձանագրված ցավալի դեպքերի առնչությամբ, որի հետևանքով կան նաև վիրավորներ: Մեր հորդորն է մեր զավակներին մնալ հանդարտության մեջ և չտրվել հրահրումներին ու սադրանքներին»: