Լիբանանի վարչապետ Թամամ Սալամը հունվարի 17-ի երեկոյան այցելել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսին:

 

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից:

 

Վարչապետի և Վեհափառ Հայրապետի միջև ավելի քան մեկ ժամ տևած մտերմիկ զրույցի ընթացքում քննարկվել են տարբեր հարցեր: Մասնավորապես քննարկումներ են ընթացել տարածաշրջանի և հատկապես Լիբանանի այժմյան կացության, կառավարության աշխատանքներին և Լիբանանի նախագահական ընտրություններին առնչվող հարցեր:

 

Ավելի վաղ՝ հունվարի 7-ին, Վեհափառ Հայրապետն ընդունել էր «Հըզբոլլահը» ներկայացնող բարձրաստիճան պատվիրակություն, որը գլխավորում էր շարժման քաղաքական հանձնախմբի նախագահը: Հանդիպմանը ներկա էր եղել նաև հայկական երեսփոխանական բլոկի ներկայացուցիչ երեսփոխան Հակոբ Բագրատունին: Հանդիպման ընթացքում < /i>քննարկվել է Լիբանանի ներկա իրավիճակը և շեշտվել է շուտափույթ նախագահ ընտրելու անհրաժեշտությունը: