Հայաստանում Կիպրոսի Հանրապետության նորանշանակ դեսպան Գեորգիոս Կասուլիդիսը (նստավայրը' Մոսկվա) Հունվարի 19-ին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանին:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարարի տեղակալը նշել է, որ պատմական բարեկամության և նույնական արժեքների վրա խարսխված հայ-կիպրական հարաբերություններն ամուր հիմք են փոխշահավետ համագործակության զարգացման համար:

 

Նախարարի տեղակալը հաջողություն է մաղթել կիպրոսցի դիվանագետին իր ապագա առաքելության հարցում՝ հույս հայտնելով, որ դեսպանը նոր լիցք կհաղորդի ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում հարաբերությունների ընդլայնմանն ու համագործակցության խորացմանը:

 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Կասուլիդիսը նշել է, որ Կիպրոսում առանձնահատուկ ջերմությամբ են վերաբերվում հայ ժողովրդին և Հայաստանին ու հատուկ կարևորություն են տալիս երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը: Նա վստահեցրել է, որ կներդնի առավելագույն ջանքերը Հայաստանի և Կիպրոսի միջև համակողմանի փոխգործակցության դինամիկ զարգացումն առաջ մղելու համար:

 

Զրուցակիցները մանրամասնորեն քննարկել են հայ-կիպրական երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր' քաղաքական, տնտեսական ու մշակութային համագործակցության, համատեղ իրականացվող ու նախատեսվող ծրագրեր: Անդրադարձ է կատարվել Հայոց ցեղասպնության 100 ամյա տարելիցի միջոցառումներին: