Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Սարգիս Չոփուրյանը հունվարի 18-ին պատարագ է մատուցել հունվարի 12-ին Գյումրիում սպանությունների զոհ դարձած Ավետիսյան ընտանիքի անդամների հիշատակին:

 

Պատարագից հետո ելույթի խոսքով հանդես է եկել Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, ով իր ցավակցությունն է հայտնել Գյումրիում տեղի ունեցած սպանության կապակցությամբ և դատապարտել կատարված հանցագործությունը:

 

Հոգեհանգստյան արարողությունից հետո հայ համայնքի ներկայացուցիչները գլխավոր հյուպատոսի մասնակցությամբ ծաղիկներ են դրել եկեղեցու բակում տեղադրված խաչքարի մոտ:

 

Այնուհետև եկեղեցու բակում Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները մեծ մոմերով «Գյումրի» գրեցին, ինչը կոչված էր հավերժացնելու սպանության զոհերի հիշատակը: Գրվածքը միջոցառման ողջ ընթացքում լցվեց ժողովրդի կողմից վառվող մոմերով, որոնք եկել էին իրենց հարգանքի տուրքը մատուցելու Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքին:

 

Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությունից հետո Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի առջև մի քանի օր շարունակ քաղաքի բնակիչների կողմից ծաղիկներ և մանկական խաղալիքներ են դրվում: