ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է «Բոկո հարամ» արմատական խմբավորման կողմից Նիգերիայի մի շարք նահանգներում կատարված հարձակումները եւ զինյալներից պահանջել է «անհապաղ եւ անվերապահորեն» վայր դնել զենքը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

«Անվտանգության խորհուրդը պահանջում է, որ «Բոկո հարամ»-ը անհապաղ եւ անվերապահորեն դադարեցնի բոլոր մարտական գործողությունները եւ մարդու իրավունքների ու միջազգային հումանիտար իրավունքի նորմերի բոլոր խախտումները, ինչպես նաեւ վայր դնի զենքը եւ զորացրում իրականացնի»,- ասված է հայտարարության մեջ, որն ընթերցել է հունվարին ԱԽ-ն նախագահող չիլիացի դիվանագետ Կրիստիան Բարրոս Մելեթը: Նրա խոսքով՝ Անվտանգության խորհրդի անդամները նաեւ պահանջել են, որ զինյալներն անհապաղ ազատեն պատանդառված բոլոր անձանց, այդ թվում՝ 276 դպրոցական աղջիկներին, որոնք 2014 թվականի ապրիլին առեւանգվել են Բոռնո նահանգում:

 

ՏԱՍՍ-ը նշում Է, որ Նիգերիայում «Բոկո հարամ»-ի ահաբեկչության հետեւանքով վերջին հինգ տարում զոհվել է ավելի քան 13 հազար մարդ, եւս շուրջ 1,5 մլն մարդ դարձել են հարկադիր վերաբնակներ ու փախստականներ: Վերջին ամիսներին խմբավորումն ակտիվացրել է իր հարձակողական գործողությունները, որոնք ընդգրկել են նաեւ Կամերունի եւ Չադի տարածքները: