Պոլսահայ մտավորական, Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի հիշատակը ոգեկոչել են թուրքական տարբեր քաղաքներում:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ակոս» պարբերականը, միջոցառումներ են տեղի ունեցել Ադանայում, Շըրնաքում, Այնթապում:

 

Մարդու իրավունքների կազմակերպության Ադանայի մասնաճյուղի դիմաց կազմակերպության նախաձեռնությամբ հավաքված քաղաքացիները մեծ պաստառ են պահել «Արդարություն ենք պահանջում. Առերեսվեք Հրանտի հետ, Ցեղասպանության հետ», նրանք ձեռքներում պահել են գրություններ «Այստեղ ենք, ախպարիկ (եղբայրս)», «Բոլորս Հրանտ ենք» գրությունները, Դինքի լուսանկարները, բղավել են. «Հակառակ ֆաշիզմին' իմ եղբայրն ես, Հրանտ», «Մարդասպան պետությունը պատասխան է տալու»: Քայլելուց հետո ներկաներն ընդգծել են, որ Դինքի իրական մարդասպաններն այս տարին երի ընթացքում ոչ միայն չպատժվեցին, այլև պարգևատրվեցին:

 

Մյուս քաղաքում' Շըրնաքում, մասնակիցները հավաքվել են Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության շենքի առջև: Հավաքվածների անունից խոսքով հանդես եկող կուսակցության Շըրնաքի ղեկավար Մեհմեթ Էմին Ջենգիզօղլուն նշել է, որ «Դինքը սպանվել է պետության մութ ուժերի կողմից»: «Մենք չենք մոռանա ժողովրդավարության համար պայքարող այդ մարդուն և ամեն անգամ հիշելու ենք նրան սպանության օրը և տեր ենք կանգնելու»,- նշել է Ջենգիզօղլուն:

 

Այնթապում կայացած ոգեկոչման արարողությանը ևս ներկաները պաստառներ են պահել տարբեր գրություններով, բղավել են. «Հրանտի մարդասպանը հենց ինքը պետությունն է», «Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք»: Նրանք պահել են Դինքի լուսանկարները, ինչպես նաև մոմեր են վառել:

 

Հիշատակի արարողություններ են տեղի ունեցել նաև Մալաթիայում, Ստամբուլում և երկրի այլ քաղաքներում: