Չինաստանի բնակչության թվաքանակը (առանց Հոնկոնգի եւ Մակաոյի հատուկ վարչական տարածաշրջանների, ինչպես նաեւ Տայվան կղզու), ըստ 2014 թվականի տվյալների, կազմել Է 1 միլիարդ 367 միլիոն 820 հազար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է ՉԺՀ-ի պետական վիճակագրական վարչության զեկույցում:

 

Վիճակագրական տվյալների համաձայն՝ բնակչության բնական աճը 2014 թվականին կազմել Է 7,1 միլիոն մարդ: Ընդհանուր առմամբ աճի տեմպերը տարեկան հաշվարկով արագացել են 0,29 տոկոսով:

 

Զբաղված բնակչության թվաքանակը 2014 թվականին աճել Է 2,7 միլիոնով՝ կազմելով ավելի քան 772 միլիոն: Գերատեսչության տվյալներով՝ երկրում տղամարդկանց թիվը (700 մլն 790 հազար) 33,7 միլիոնով գերազանցում Է կանանց թվաքանակը:

 

Քաղաքներում ապրում Է բնակչության կեսից ավելին՝ երկրի ավելի քան 749 միլիոն քաղաքացիներ: Դրա հետ մեկտեղ վերջին տարվա ընթացքում գյուղական բնակչության թիվը կրճատվել Է 10 միլիոնով՝ մինչեւ 618,6 միլիոն:

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Չինաստանի բնակչությունը շարունակում Է անշեղորեն ծերանալ: 60-ից բարձր տարիքի բնակիչների թվաքանակը ներկայում կազմում Է 212,42 միլիոն. սա բնակչության ընդհանուր թվի 15,5 տոկոսն Է: Առողջապահության գործերի եւ պլանային ծնելիության պետական կոմիտեի կանխատեսումների համաձայն՝ մինչեւ 2030 թվականը երկրի տարեց քաղաքացիների թիվը կհասնի 356 միլիոնի:

 

ՉԺՀ-ում ժողովրդագրական քաղաքականության սկզբունքներն սկսել են ձեւավորվել դեռ անցյալ դարի 70-ական թվականներին, երբ պետությունը հայտնվեց գերբնակեցման սպառնալիքի առջեւ: Այն ժամանակ ընտանիքներին թույլատրվում Էր միայն մեկ երեխա ունենալ:

 

Վերջերս ՉԺՀ-ի օրենսդիրներն ընդունել են որոշում, որով թույլատրվում Է երկու երեխա ունենալ այն ընտանիքներին, որտեղ ամուսիններից մեկն իրենց ծնողների միակ զավակն Է Չինաստանում: Քաղաքականության նման մեղմացումը պետք Է հանգեցներ բնակչության սրընթաց աճի, սակայն դա տեղի չունեցավ: Երկրի ավելի ու ավելի շատ քաղաքային ընտանիքներ, ֆինանսական նկատառումներից ելնելով, նախընտրում են սահմանափակել ծնելիությունը եւ դաստիարակել մեկ երեխա: Նրանց միայն 60-65 տոկոսը կցանկանար երկրորդ երեխան ունենալ. գյուղերում նման զավակասերների բաժինը մինչեւ 90 տոկոս Է:

 

ՉԺՀ-ի առողջապահության գործերի եւ պլանային ծնելիության պետական կոմիտեի վերջին տվյալների համաձայն՝ 11 մլն ընտանիքներից միայն 800 հազարն Է որոշել երկրորդ երեխան ունենալ: Գրեթե նույնն են վկայում նաեւ այն հարցման արդյունքները, որն անցկացվել Է Չինաստանի երիտասարդական հանդեսներից մեկի կողմից: Այն ցույց Է տվել, որ ավելի քան 2 հազար հարցվածների 58 տոկոսը չի ծրագրում երկրորդ երեխան ունենալ:

 

«Ծնելիության սահմանափակման քաղաքականության հետագա մեղմացումը Էականորեն չի փոխի ստեղծված իրադրությունը»,-կարծում Է Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի փոխնախագահ Ցայ Ֆանը: Դրա հետ մեկտեղ նա նշել Է, որ «երկարաժամկետ հեռանկարում դա կնպաստի երկրի հավասարակշռված ժողովրդագրական կառուցվածքի հաստատմանը եւ աշխատունակ բնակչության թվաքանակի ավելացմանը»:

 

Փորձագետներից ոմանք արդեն խոսում են այն մասին, որ եթե քաղաքականությունը չբարեփոխվի, ապա մինչեւ 2050 թվականը բնակչության աճը կլինի 4 տոկոսից պակաս, ինչը զգալիորեն կանդրադառնա երկրի զարգացման տեմպերի վրա: