Ազատության հրապարակում Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հայր տեր Վահան Առաքելյանը հունվարի 20-ին հոգեհանգստյան կարգ մատուցեց' ի հիշատակ Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության զոհ դարձած Ավետիսյանների ընտանիքի անդամների:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ազատության հրապարակում հավաքված բնակիչները, որոնցից շատերը չէին կարողանու մ զսպել արցունքները, հոգևորականների հետ միասին աղոթեցին փոքրիկ Սերյոժանի և իր ընտանիքի հոգու հանգստի և խաղաության համար:

 

«Ի դեմս Արարատյան հայրապետական թեմի ողջ հոգևոր դասի և հավատացյալների անունից՝ մեր ցավակցական խոսքերն ենք հայտնում մեր ամբողջ ազգին, որն այսօր հայտնվել է այսպիսի ցավալի իրողության մեջ: Եվ բոլորս միասին աղոթենք Ավետիսյան ընտանիքի հոգու խաղաղության համար՝ հայցելով Տիրոջ սերն ու ողորմությունը նրանց համար:

 

Նաև այսօր մեր պարտքն է աղոթելու մեր զինվորների համար, ովքեր մեր հայրենիքի պահպանման սրբազան գործի իրենց ծառայության պարտքն են կատարում և իրենց կյանքն են տալիս: Թող Աստված նաև իրենց հոգուն խաղաղություն պարգևի», - արարողnւթյունից առաջ հավաքվածներին դիմեց տեր Վահան Առաքելյանը:

 

Արարողությունից հետո, որին ձայնակցում էր «Օվսաննա» հոգևոր երգչախումբը, քաղաքացիները շարունակեցին մոմավառությունը, որն սկսվել էր դեռ երեկ երեկոյան և շարունակվում էր այսօր ամբողջ օրը:

 

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն: Երեխայի առողջական վիճակը հունվարի 19-ին վատացել էր:

 

Խորացել էր երիկամային և սրտանոթային անբավարարությունը: Սերյոժա Ավետիսյանի կյանքը փրկել չհաջողվեց: Հունվարի 19-ին, ժամը 17:02-ին երեխայի մոտ արձանագրվեց կենսաբանական մահ:

 

Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության եւ փոքրիկ Սերյոժային բազմաթիվ վնասվածքներ հասցնելու գործով մեղադրյալը Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմականբազայի զինծառայող Վալերի Պերմյակովն է: