Միջազգային հանրությունը բավարար չափով տեղեկացված չէ 1990 թվականի հունվարի 13-19-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում պետական մակարդակով կազմակերպված և իրականացված' հայ բնակչության զանգվածային կոտորածների մասին:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբˋ հունվարի 21-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը: «Մեր բոլորիս պարտքն է միջազգային շրջանակներին իրազեկել 25 տարի առաջ Բաքվում տեղի ուեցած հայերի կոտորածների մասին»,-ասաց նա:

 

Նրա կարծիքովˋադրբեջանական իշխանությունները օգտվելով նրանից, որ 25 տարի առաջ Ադրբեջանում հայ ժողովրդի ցեղասպանության ծրագրի, գործադրված զանգվածային բռնությունների, պատերազմական հանցագործությունների կազմակերպիչները եւ իրականացնողները մինչ օրս չեն պատժվել, այդ երկիրը շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը նաև առաջին գծում:

 

Բաքվի ջարդերի քսանհինգամյակի նախօրյակին Ադրբեջանահայերի ասամբլեան հանդիպումներ է ունեցել համայնքի անդամների հետ: Ասամբլեայի նախագահի խոսքովˋ հայ համայնքը պահանջում է Ադրբեջանում հայերի սպանությունը ճանաչել որպես ցեղասպանություն, արդարացի փոխհատուցում տալ փախստականներին և պատասխանատվության ենթարկել այդ հանցագործության մեղավորներին: «Հայ համայնքը պահանջում է պատժել այդ մարդկանց: Քանի դա չի իրականացվել, Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը վերջ չի ունենա»,- ընդգծեց Այվազյանը:

 

1990թ. հունվարի 13-19-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում զուտ ազգային պատկանելության համար տեղի շուրջ 400-հազարանոց հայ համայնքն ենթարկվել է բռնությունների, կոտորածի ու բռնատեղահանվել քաղաքից: Փաստորեն, Բաքվում կրկնվել է 1988թ. փետրվարին Սումգայիթում տեղի ունեցած բռնությունների սցենարը' անհամեմատ մեծ մասշտաբներով, ինչի հետևանքով քաղաքն ամբողջովին հայաթափվել է:

 

Բաքվի հայ բնակչության ջարդերը եւ բռնի տեղահանությունը լիովին ներգրվում են «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայով սահմանված «ցեղասպանություն» իրավական հասկացության մեջ:

 

Պետական մակարդակով ահաբեկչությունը շարունակվել է նաեւ Լեռնային Ղարաբաղում, որի գերակշիռ հայ բնակչության հանդեպ Ադրբեջանի իշխող վերնախավը 1991թ. ապրիլ-օգոստոս ամիսներին իրականացրել է «Կոլցո» ռազմական գործողությունը, որի հետեւանքով բռնատեղահանվել, հրդեհվել եւ կործանվել է 24 հայկական գյուղ, զոհվել են բազմաթիվ անմեղ մարդիկ:

 

Արցախից հայ բնակչությունը բռնատեղահանելու, զանգվածային կոտորած կազմակերպելու Ադրբեջանի պետական նպատակադրված քաղաքականությունը մինչև վերջ իրականություն չի դարձել միայն արցախահայության զինված ինքնապաշտպանության շնորհիվ:

 

Բաքվի հայաթափումից անցել է 25 տարի: Այս ամբողջ ընթացքում Ադրբեջանում ցինիկաբար նենգափոխվում է 1990 թվականի «սև հունվարի» էությունը. փորձում են պատմության էջերից ջնջել Բաքվի բնիկ հայ ազգաբնակչության ցեղասպանության քաղաքականության հետքերը: