2015 թվականին Եվրոպայում կարող է «քաղաքական երկրաշարժ» տեղի ունենալ. դա կապված է ընտրողների աչքում պոպուլիստական կուսակցությունների աճող գրավչության հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս եզրակացությունն է արվում Economist Intelligence Unit-ի հետազոտության մեջ, որն անցկացվել է BBC-ի համար:

 

 

Այդ կուսակցությունների ժողովրդականության աճը նրանց հաղթանակ է խոստանում ընտրություններում, իսկ ավանդական քաղաքական ուժերը հարկադրված են մտնել ավելի վաղ աներևակայելի դաշինքների մեջ, նշում է EIU-ն:

 

 

Հետազոտության հեղինակների կարծիքով՝ Եվրոպայում առկա իրադրությունը կարելի է անվանել «ժողովրդավարության ճգնաժամ», որի արմատները էլիտայի և ընտրողների միջև առաջացած խզման մեջ են: Պոպուլիստական շարժումները, ինչպես ձախերը, այնպես էլ աջերը, գործում են այն տարածությունում, որը գոյացել է հին քաղաքական կուսակցությունների և նրանց ավանդական սոցիալական բազայի միջև:

 

 

Ֆենոմենի հանգուցային գործոններն են ընտրություններում քաղաքացիների ցածր ակտիվությունը և ավանդական կուսակցությունների անդամների թվի անկումը, ասված է հետազոտության մեջ:

 

 

Մոտալուտ քաղաքական մարտահրավերը ծառացած է Հունաստանի առջև, որտեղ հունվարի 25-ի ընտրություններում կարող է հաղթել ՍԻՐԻԶԱ ձախ արմատական կուսակցությունը: EIU-ն ենթադրում է, որ եթե հենց այս քաղաքական ուժը ձևավորի երկրի կառավարությունը, ապա «հարվածի ալիքը» կտարածվի ողջ Եվրամիությունում և կատալիզատոր կծառայի համատարած քաղաքական տեղաշարժերի համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: