Վարշավայում բնակվող հայերը «Սադիբա» հայկական պուրակում տեղադրված խաչքարի առջև հոգեհանգստյան արարողություն են կազմակերպել' ի հիշատակ Գյումրիում սպանության զոհ դարձած ընտանիքի և Մարսելում սպանված հայ երիտասարդ Միքայել Ասատուրյանի:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարշավայի հայ համայնքից, հոգեհանգստի կարգը մատուցել է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Լեհաստանի հայոց հոգևոր հովիվ Տ. Տաճատ Աբեղա Ծատուրյանը:

 

Առ Աստված աղոթք է հնչել նաև վերջին օրերին թշնամու գնդակից զոհված հայ զինվորների հոգիների խաղաղության համար: Հոգեհանգստյան աղոթքին ներկա են գտնվել նաև Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի խորհրդական տիկին Հասմիկ Դաշտոյանը և հյուպատոս Տիգրան Վարդանյանը: Աղոթքից հետո կատարվել է մոմավառություն, և ծաղիկներ են զետեղվել խաչքարի առջև: