Ազգային ժողովում այս պահին շարունակվում են Գյումրիում տեղի ունեցած ողբերգության հարցով խորհրդարանական լսումները:

 

Լսումներին ներկա պատգամավորներն իրենց հարցերն են ուղղում ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին:

 

ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը և ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գլխավոր դատախազին ուղղեցին միևնույն հարցը, թե երբ է Գևորգ Կոստանյանը պատրաստվում նամակով դիմել ՌԴ գլխավոր դատախազին:

 

Պատասխանելով Հովհաննես Մարգարյանին՝ Գլխավոր դատախազն ասաց. «ՌԴ իրավապահ մարմիններին ներկայացվել են մի շարք միջնորդություններ: «Ես խոստացել եմ, որ պետք է դիմեմ և դա իմ պարտականությունն է, ես պարտավոր եմ դիմել գլխավոր դատախազին նման պահանջով և դա կատարելու եմ, բայց դիմումներն ինքնանպատակ չեն, իրականացվում են համապատասխան փուլում, և դա կատարելու եմ այն փուլում ու այն հիմքերի դեպքում, որ բավարար հիմք կտան ստանանք մեզ համար արդյունքը: Երբ ունենամ անհրաժեշտ բոլոր հիմքերը, դիմելու եմ»,- ասաց նա:

 

Պատասխանելով Նաիրա Զոհրաբյանի հարցին՝ նա նշեց. «Ես երբեք չեմ դրժում իմ պարտականությունների կատարման որևէ գործընթաց, երբեք: Դիմելու եմ, պետք է ունենամ անհրաժեշտ հիմքեր, որպեսզի այդ դիմումով հիմնավորեմ ցանկացածս, երբ որ իրականացնում ենք մեր պարտականությունները ի պաշտոնե, իր գործողությունները պետք է լինեն հիմնավորված, պետք է ունենան համապատասխան հենք, հիմք: Երբ ես դա կունենամ, իսկ ես դա կունենամ, անպայման, պարտադիր դիմելու եմ: Հարգելիներս հանգիստ եղեք, դիմելու եմ»- ասաց նա: