Կոտայքի մարզպետարանի նիստերի դահլիճում հրավիրված աշխատանքային խորհրդակցության շրջանակներում ամփոփվել են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Կոտայքի մարզային փրկարարական վարչության աշխատանքները:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մարզային փրկարարական վարչության հաշվետու խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանը, ՀՀ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարար ծառայության գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը և Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոօթերևութաբանական և մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Վարդանյանը:

 

Հաշվետվությանը ներկա են եղել ՀՀ տարածքային կառավարման եւ ՏԿԱԻՆ ներկայացուցիչներ, մարզպետարանի պատասխանատու աշխատակիցներ, Կոտայքի մարզային փրկարարական վարչության մարզում տեղակայված ստորաբաժանումների պետեր, համայնքների ղեկավարներ:

 

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ղեկավար Գ. Գրիգորյանը տեղեկատվություն է ներկայացրել 2014 թվականի կատարված աշխատանքի հիմնական ուղղությունների, անդրադարձ կատարել նախորդ տարվա ընթացքում աշխատանքների արդյունավետության բարձրացմանը միտված նախաձեռնությունների վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձ կատարել 2015 թվականի որոշակի ծրագրերի:

 

Մարզային փրկարարական վարչության պետն իր խոսքում անդրադարձ է կատարել փրկարար անձնակազմի մասնագիտական ունակությունները բարձրացնելու նպատակով փրկարար ծառայողների վերապատրաստման կազմակերպման, ուժերի մշտական պատրաստ վիճակում պահպանման եւ դրանց նպատակային կիրառման ապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքներին:

 

Ամփոփելով հանդիպման ընթացքում ներկայացված հաշվետվությունները՝ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը մարզի փրկարարների կատարած աշխատանքը գնահատել է դրական՝ ընդգծելով, որ փրկարար ծառայությունների կողմից կատարվել է արդյունավետ և բարեխիղճ աշխատանք: