Լիբանանյան բանակը հունվարի 23-ին հսկողություն է հաստատել Ռաս Բաալբեք բնակավայրի Ում Խալիդ և Համրա բլուրների, ինչպես նաև մերձակա տարածքների վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով լիբանանյան «Ալ Մայադին» գործակալությունը, բախումների ժամանակ տասնյակ ահաբեկիչներ են սպանվել, ոչնչացվել են նրանց փոխադրամիջոցները:

 

Լիբանանի Ռաս Բաալբեք բնակավայրի Թել Համրա շրջանում հունվարի 23-ին թեժ բախումներ էին սկսվել լիբանանյան բանակի և զինված խմբավորումների միջև: Բանակն ամրապնդել էր իր դիրքերը շրջանում և ռմբակոծում էր զինյալների դիրքերը: Տեղեկություններ էին ստացվել, բանակին հաջողվել է կասեցնել հարյուրավոր զինյալների հարձակումը՝ մեծ վնասներ պատճառելով նրանց:

 

Բանակի և զինված խմբավորումների միջև բախումների հետևանքով լիբանանյան բանակի 2 զինծառայողներ են զոհվել, վիրավորվել են 7-ը: