Մայրաքաղաքը սպասարկող 10 ավտոբուս համալրվել է հատուկ վերելակներով, որոնք հնարավորություն կտան շարժասայլակներով տեղաշարժվող անձանց երթևեկել քաղաքային տրանսպորտի օգնությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին հունվարի 23-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապե րի վարչությունից, ավտոբուսները կներդրվեն մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանները կենտրոնի հետ միացնող երթուղիներում:

 

«Շատ սպասված նորամուծություն է: Երկար տարիներ աշխատում էինք Երևանի քաղաքապետարանի հետ, որը ցանկություն ուներ ներդնել վերելակներով ավտոբուսներ, սակայն դա թանկ հաճույք էր, այդ իսկ պատճառով փորձեցինք գնալ այլ տարբերակով, երբ դրսից ներկրվեցին վերելակներ և դրանք տեղադրվեցին առկա ավտոբուսների վրա: Արդյունքում յուրաքանչյուր նման ավտոբուսով միաժամանակ կարող են երթևեկել երկու սայլակավոր մարդիկ», - հայտեց «Փյունիկ» ՀԿ-ի նախագահ Հակոբ Աբրահամյանը:

 

Դեռևս 2014թ. քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել էր հատուկ կարիքներ ունեցող անձանց համար Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում ձեռք բերել և վերելակներով կահավորել ուղևարափոխադրում իրականացնող 10 ավտոբուս: Նախորդ տարեվերջին պատվիրված հատուկ վերելակները ներկրվեցին Երևան, և այս օրերին դրանք տեղադրվում են «Հայգեր» մակնիշի նոր ավտոբուսներում:

 

Պատասխանատուների հավաստմամբ՝ գործընթացը կավարտվի առաջիկա մի քանի օրվա ընթացքում: Իսկ մինչ այդ վերելակների տեխնիկական հնարավորություններն ու դրանց հարմարավետությունը փորձարկվում են նաև շահառուների մասնակցությամբ:

 

Համապատասխան կահավորումով ավտոբուսների երթուղիներում շահագործման հարցում կնախընտրվի Երևանի բոլոր վարչական շրջաններից հատուկ կարիքներով անձանց քաղաքի կենտրոն հասնելու հնարավորության սկզբունքը:

 

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում կատարված գրառման մեջ նշում է. «Ուրախ եմ տեղեկացնել, որ առաջիկա օրերին կավարտվեն հատուկ կարիքներով մարդկանց համար նախատեսված տրանսպորտային վերելակների տեղադրման և փորձարկման աշխատանքները:

 

Ինչպես և խոստացել էինք՝ հատուկ վերելակներով կահավորվում են ուղևորափոխադրում իրականացնող 10 ավտոբուս, որոնց երթուղիների ընտրության հարցում հաշվի է առնվում Երևանի բոլոր վարչական շրջաններից հատուկ կարիքներով անձանց քաղաքի կենտրոն հասնելու հնարավորության սկզբունքը:

 

Շնորհակալություն եմ հայտնում մեր գործընկեր հատուկ կարիքներով մարդկանց խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններին, որոնք մեր կողքին են և իրենց մասնակցությունն են ունենում Երևանը բոլորի համար մատչելի քաղաք դարձնելու այդքան կարևոր գործին»: