ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում տեղի կունենա հոգեհանգստի արարողություն' նվիրված Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի անդամների հիշատակին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ասպարեզ» պարբերականը:

 

Արարողությունը կկայանա հունվարի 25-ին Սուրբ Մ արիամ եկեղեցում: ԱՄՆ Արևմտյան շրջանի ՀՅԴ գրասենյակը կոչ է արել հայ համայնքի ներկայացուցիչներին ներկա լինել հոգեհանգստի արարողությանը և աղոթել Ավտիսյանների ընտանիքի անդամների հիշատակին:

 

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև' յոթ օր հետո մահացել: Նշանակվել էին դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

 

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: