Master Card միջազգային վճարային համակարգը հայտարարել է, որ մարտի 1-ից կդադարեցնի արգելփակումն ու թույլ կտա, որ ԱՄՆ-ում թողարկված քարտերի միջոցով ԱՄՆ քաղաքացիները գործարքներ կատարեն Կուբայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ՏԱՍՍ-ը, ընկերության հայտարարության մեջ նշված է, որ մինչ Կուբա մեկնելը քաղաքացիները պետք է խորհրդակցեն իրենց սպասարկող բանկի հետ' հասկանալու' արդյո՞ք իրենց բանկային քարտերը կարող են գործել Կուբայում:

 

Master Card-ը վերացրել է արգելանքը, երբ խորհրդակցել է ԱՄՆ ֆինանսների նախարարության հետ եւ համապատասխան երաշխիքներ ստացել: Հետաքրքրական է, որ վճարային մյուս համակարգը' VISA-ն, առայժմ նման քայլ կատարել չի պատրաստվում:

 

Հավանայի եւ Վաշինգտոնի միջեւ հարաբերությունների ջերմացում նկատվեց 2014թ. դեկտեմբերի 17-ից, երբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատմական այց կատարեց Կուբա: Ռաուլ Կաստրոյի հետ հանդիպումից հետո Օբաման հայտարարեց, որ կես դար առաջ մեկնարկած պատժամիջոցները պետք է հանվեն, քանի որ դրանք այլեւս արդիական չեն:

 

Նրա խոսքով, 1960թ. ընդունված որոշման վերանայումը թույլ կտա կուբացիներին դուրս գալ հարաբերությունների նոր մակարդակի: Օբաման նաեւ շեշտել է, որ ամերիկացիների նոր սերունդը պատրաստ է մեխանիզմներ որոնել երկկողմ հարաբերություներում առկա խնդիրների լուծման համար:

 

ԱՄՆ-ն Կուբայի նկատմամբ առաջին պատժամիջոցը կիրառել է 1960թ: 1962թ. պատժամիջոցները խստացան բերելով գրեթե լիակատար էմբարգոյի: 1996թ. ԱՄՆ Կոնգրեսն ընդունեց Հելմս Բերտոնի օրենքը, որը պահանջում էր լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել նաեւ արտասահմանյան այն կազմակերպությունների դեմ, ովքեր առեւտուր են իրականացնում Կուբայում:

 

Բացի այդ, Վաշինգտոնն ամեն տարի Կուբան ներառում է ահաբեկչությունը ֆինանսավորող պետությունների ցանկում: Համաձայն Կուբայի կառավարության ներկայացրած պաշտոնական տվյալների, մինչեւ 2010թ. տնտեսական շրջափակման պատճառով Կուբան 104 միլիարդ դոլարի վնաս է կրել: