ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բեշար Ջաֆերին հայտարարել է, որ Թուրքիան օգնում է օտարերկրյա ջիհադականների մաքսանենգ ճանապարհներով Սիրիա անցնելուն: ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին ուղղված բողոքում նա որպես այդ բանի ցայտուն օրինակ նշել է Ֆրանսիայում մի կին ոստիկանի եւ խանութում 4 պատանդի սպանած Հայաթ Բումեդդինին ապօրինÕ « ճանապարհներով Սիրիա թափանցելու գործում Թուրքիայի ցուցաբերած օգնությունը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական DemokratHaber լրատվական կայքը:

 

Նամակում Ջաֆերին նշել է, թե Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մյովլուդ Չվուշօղլուն հայտարարել է, որ Բումեդդինը հունվարի 2-ին Մադրիդից ժամանել է Ստամբուլ եւ Թուրքիայի տարածքով անցել Սիրիա: «Չավուշօղլուի այդ արտահայտությունը Թուրքիայի պաշտոնական ապացույցն է այն բանի, որ այդ երկիրը հանդիսանում է աշխարհի չորս կողմերից օտարերկրացի ահաբեկիչների եւ վարձկանների Սիրիա թափանցելու գլխավոր տարանցիկ ուղին», -ընդգծել է նա:

 

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդից բացի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունին հանձնած նամակում Ջաֆերին կոչ է արել դատապարտել եւ կասեցնել Թուրքիայի այդ գործողությունները: «Սիրիայի Արաբական Հանրապետությունը Անտագնության խորհրդին եւ միջազգային հանրությանը կոչ է անում Թուրքիայի վարչակազմի քաղաքականությունն ազդեցիկ կերպով կասեցնելու համար դատապարտել Անկարայի այդ գործողությունները», -նամակում գրել է Ջաֆերին:

 

Ուշագրավ է, որ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն այդ առնչությամբ հայտարարել է, թե անհնար է կանգնեցնել արտասահմանցիների հոսքը, ովքեր Թուրքիայի տարածքով գնում են Սիրիա' պատերազմելու «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման կազմում: Այս հայտարարությունը Դավութօղլուն Լոնդոնում արել է The Independent եւ The Times պարբերականներին տված հարցազրույցում:

 

Նա ասել է, որ Թուրքիան չի կարող զինվորականներ տեղակայել Սիրիայի հետ 820 կմ-ոց սահմանի յուրաքանչյուր հատվածում' չխոսելով անգամ այն մասին, որ իրենք միջոցներ չեն ձեռնարկում այդ սահմանն ինչ-որ կերպ վերահսկելու ուղղությամբ: Նա նաեւ հայտարարել է, որ ԻԼԻՊ-ն առաջացել է Իրաքում պատերազմի հետեւանքով' 2003 թվականին ամերիկյան զորքերի ներխուժումից հետո:

 

Բրիտանական պարբերականները հայտնում են, որ Դավութօղլուն կրկնել է Անկարայի բազմիցս հնչեցրած այն թեզը, թե ՄԱԿ-ը պետք է թռիչքների համար արգելված գոտի հայտարարի Թուրքիայի հետ Սիրիայի սահմանակից հատվածը, եւ թույլ տա, որպեսզի Թուրքիան չափավոր սիրիացիներից կազմված բանակ վարժեցնի' Բաշար Ասադի վարչակարգը տապալելու համար, ինչին դեմ է միջազգային հանրությունը: