«Իսլամական պետություն» խմբավորման զինյալները, ենթադրաբար, գլխատել են իրենց կողմից գերեվարված Ճապոնիայի երկու քաղաքացիներից մեկին: Այս մասին հայտնել է lenta.ru-ն՝ հղում անելով SITE-ին:

 

Զինյալները հրապարակել են սպանված լրագրող Հարունա Յուկավայի լուսանկարն ու տեսագրությունը, որում երկրորդ պատանդ Քենձի Գոտոն կարդում է ԻՊ-ի նոր պահանջները:

 

Ահաբեկիչներն առաջարկել են ճապոնական կառավարությանը՝ բանակցել Հորդանանի ղեկավարության հետ, որի բանտերից մեկում պահվում է ահաբեկչուհի Սաջիդա ար-Ռիշավին:

 

Սաջիդա ար-Ռիշավին մահապարտ ահաբեկչուհի է, ով 2005 թվականին Հորդանանի մայրաքաղաքում ամուսնու հետ մասնակցել է Radisson SAS հյուրանոցի վրա հարձակմանը: Նա ողջ է մնացել, քանի որ նրա վրա ամրացված պայթուցիկ սարքը չի գործել: Սաջիդան ձերբակալվել է: Հարձակման հետևանքով զոհվել է 57 մարդ: