Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը գլխավորելու է Փարիզում հունվարի 28-ին կայանալիք տեղի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքը, որի ժամանակ պաշտոնապես տրվելու է Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված նախաձեռնությունների 2015 թվականի ծրագրի մեկնարկը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) նախագահ Մուրադ Փափազյանը: Ճաշկերույթին կմասնակցի Ֆրանսիայի քաղաքական վերնախավը' նախարարներ, պատգամավորներ, Փարիզի քաղաքապետը, նախագահի խորհրդականները և գրասենյակի աշխատակիցները, ինչպես նաև ֆրանսիացի մտավորականներ, լրագրողներ և փաստաբաններ:

 

«Այսօր գիտենք, որ ներկա են լինելու Ներքին գործերի նախարար Բեռնար Կազնովը և Եվրոպայի հարցերով պետքարտուղար Առլեմ Դեզիրը»,- ասաց Փափազյանը,- «Անշուշտ, քննարկվելու է Հայոց ցեղասպանության հարյուրամյակի, Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և հատուցման, ֆրանսահայության, Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններին առնչվող հարցերը, ինչպես նաև Նախագահ Օլանդի այցը Երևան 2015 թվականի ապրիլի 24-ին»: Ինչպես հայտնի է, Օլանդը 2015 թվականի ապրիլի 24-ին լինելու է Հայաստանում' հայ ժողովրդի հետ միասին ոգեկոչելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի հարյուրերորդ տարելիցը:

 

«Սա լուրջ զորակցության նշան է: Դա կնշանակի, որ Ֆրանսիան հայ ժողովրդի, Հայ դատի և Հայաստանի կողքին է»,-ասաց Փափազյանը: Նա չբացառեց, որ, հնարավոր է, ապրիլի 24-ին առանձին պատվիրակություն ուղարկվի Թուրքիա, սակայն հավաստիացրեց' «բարձրագույն մակարդակի պատվիրակությունը, նախագահի գլխավորությամբ, այդ օրը լինելու է Հայաստանում»:

 

«Ֆրանսիացիները և բոլոր պետությունները շատ լավ գիտեն Թուրքիայի խաղերը: Ֆրանսիայի հարաբերությունները Թուրքիայի հետ պետական և առևտրային հարաբերություններից այն կողմ չեն անցնում: Ֆրանսիայում թուրքական կառավարության նկատմամբ համակրանք չկա»,- ընդգծեց CCAF-ի նախագահը:

 

Ֆրանսահայկական կազմակերպությունների խորհրդի ճաշկերույթի օրն այս տարի գեղեցիկ զուգադիպությամբ և խորհդանշական կերպով համընկել է Հայոց բանակի օրվա հետ: Այդ օրը նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Մեծ պալատում քննվելու է թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքի գործը, ում 2007 թվականին շվեյցարական դատարանը դատապարտել էր Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար:

 

Ֆրանսահայերը Նախագահ Օլանդի մոտ բարձրացնելու են նաև այդ հարցը: «Ամենակարևոր փաստն այն է, որ Փերինչեքի դատավարության հարցով Ֆրանիսան մեզ հետ է: Ֆրանսիան «մասնակից» է դատավարությանը' Շվեցարիայի և Հայաստանի կողմից և այն բոլոր կազմակերպությունների, որ զորակցում են մեզ: Սա լուրջ նշան է, որ Ֆրանսուա Օլանդը կցանկանա, որ շահենք Փերինչեքի դատավարությունը, որպեսզի կարողանանք Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը որդեգրել, հավանաբար, 2016 թվականի սկիզբին»,- հայտնեց Մուրադ Փափազյանը:

 

Շվեյցարիան առաջին պետությունն է, որ քրեականացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը' մարդկության դեմ կատարած հանցանքը հերքողների համար սահմանելով ազատազրկում եւ դրամական տուգանք: Հետագայում Շվեյցարիայի օրինակին հետեւեցին նաեւ Սլովակիան եւ Հունաստանը: Այդ երկրներում նույնպես Հայոց ցեղասպանության հերքումը պատժվում է քրեորեն: 2012 թվականին Հայոց ցեղասապանության ժխտումը քրեականացնող օրինագիծ ընդունեց նաև Ֆրանսիայի խորհրդարանը, որն անվավեր ճանաչվեց Սահմանադրական խորհրդի կողմից: Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտնել է իր վճռականության մասին խորհրդարան ներկայացնելու նոր օրինագիծ, որում հաշվի առնված կլինի Սահմանադրական խորհրդի որոշումը: