Գյումրիում շարունակվում է համաքաղաքային ստորագրահավաքը Ավետիսյանների գերդաստանի սպանության կասկածյալին/ներին/ ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու եւ արդար դատավճռի պահանջով: Այս պահին արդեն գործընթացը բավական ակտիվ ընթացքի մեջ է՝ կամավորների օգնությամբ ստորագրահավաքի պահանջագիրը ներկայացվում է Գյումրու տարբեր թաղամասերում:

 

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց քաղաքացիական ակտիվի անդամ Արմեն Ներսիսյանը: Ներկայացված պահանջագիրը պնդում է' կասկածյալը (ները) պետք է գտնվի ՀՀ իրավազորության ներքո և պատիժը պետք է կրի ՀՀ արդարադատության կողմից:

 

Ստորագրահավաք-պահանջագիրն ուղղված է ՀՀ նախագահին և ՀՀ ազգային ժողովին: Թեեւ ստորագրահավաքին բոլոր ցանկացողները կարող են մասնակցել նաեւ առցանց, սակայն, ինչպես ասում են նախաձեռնության հեղինակները, սորագրահավաքը դեռ համազգային չէ, այլ շարունակում է մնալ համաքաղաքային:

 

«Սրանով մենք վերահաստատում ենք հրապարակային ակցիաների միջոցով ձևավորված պահանջը եւ պնդում ազգային արժանապատվությունը բավարարող դատավարական ընթացք: Այս հարցում պետք է պահանջատեր լինենք մինչև վերջ»,-ավելացրեց Արմեն Ներսիսյանը:

 

Արմենուհի Մխոյան