Կանադայի միջազգային առեւտրի նախարար Էդվարդ Ֆաստը հայտարարել է, որ Մարիուպոլ քաղաքում վերսկսված մարտերի առնչությամբ իր երկիրը մտադիր է լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի Դաշնության դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, բրիֆինգի ժամանակ նախարարն ասել է, որ այդ պատժամիջոցները Կանադան կկիրառի' համագործակցելով ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ:

 

«Մենք ուկրաինացիների հետ ենք: Կցուցաբերենք համապատասխան աջակցություն, որպեսզի Ուկրաինան վերադառնա խաղաղ կյանքի եւ կրկին դառնա զարգացող պետություն»,- նշել է նախարարը:

 

Միաժամանակ, Կրեմլում կարծում են, որ տնտեսական պատժամիջոցների ավելացումը անհիմն է եւ կարող է էլ ավելի ապակայաունացնել իրավիճակը:

 

«Մենք նախկինի պես կարծում ենք, որ իրավիճակի յուրաքանչյուր սրման դեպքում Ռուսաստանի դեմ տնտեսական ճնշումների կիրառումը բացառապես ապակայունացնող որոշում է, որը որեւէ կերպ հիմնավորված չէ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: