Վրացի մաքսավորները կոկաինի խոշոր խմբաքանակ են առգրավել հայ-վրացական սահմանի «Նինոծմինդա» մաքսային անցակետում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ռուսթավի-2» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին:

 

«Մեր մաքսավորները «Նինոծմինդա» մաքսային անցակետում հայտնաբերել են ավելի քան 6 կիլոգրամ կոկաին, որը փորձում էին երկիր անցկացնել Բուլղարիայի քաղաքացիները: Գործը հանձնված է ներքին գործերի նախարարությանը»,- ասել է Խադուրին:

 

«Նովոստի Գրուզիա»-ն նշում Է, որ սա վերջին ժամանակներս Վրաստանի տարածք խոշոր խմբաքանակի թմրանյութերի ներկրման արդեն երկրորդ փորձն Է, որը կասեցվել է վրացի սահմանապահների եւ մաքսավորների կողմից:

 

Ավելի վաղ (2014 թվականի հուլիսի 12-ին) վրաց-թուրքական սահմանում Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները բեռնատար ավտոմեքենան զննելիս հայտնաբերել են 30-կիլոգրամանոց 93 տակառներ՝ 80-տոկոսանոց հեղուկ հերոինով՝ 93 մլն ԱՄՆ-ի դոլար արժողությամբ: Ըստ վերջին տվյալների՝ մեքենան Իրանի, Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի տարածքով Մոլդովա թմրանյութեր Էր տեղափոխում հեղուկ օճառի տեսքով: