ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի առթիվ հանդես է եկել հայտարարությամբ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

 

«Մեր ժողովրդի ու պետականության նորագույն պատմության մեծագույն ձեռքբերումներից մեկը Հայոց բանակն է, որը կազմավորվեց ու կայացավ երկրի և ժողովրդի համար չափազանց դժվար ժամանակահատվածում, Երկրապահ կամավորական ջոկատների հենքի վրա' կազմավորմանն ու կայացմանը զուգահեռ պատերազմելով ու ամրանալով երկրապահ հայորդիների արյամբ ու անձնազոհությամբ:

 

Երկապահ կամավորականության մարտնչող ոգուց և հայ ժողովրդի անկախության ձգտումից ծնված մեր բանակը մշտապես յուրաքանչյուրիս հոգատարության կարիքն ունի: Մենք պարտավոր ենք մեր բանակին վերաբերվել այնպես, ինչպես մեր հարազատ զավակին, նրա ամեն մի օրը, քայլը պահելով մեր ուշադրության կենտրոնում: «Չսիրված երեխան լավ մարդ չի դառնում»,- խոսելով բանակի մասին՝ ասում էր բանակի հիմնադիր, ԵԿՄ հավերժ նախագահ սպարապետ Վազգեն Սարգսյանը:

 

Յուրաքանչյուր ազգի հարատևման կարևորագուն պայմանն ու հպարտության օջախը բանակն է: Բանակում ծառայելը մեծ պարտք է, իսկ հայոց հաղթանակած բանակում, որը Հայաստանի Հանրապետության առաջին և հիմնադիր կառույցն է, ծառայելը' պատասխանատվություն է ու պատիվ:

 

Ահա այս վեհ նպատակի իրականացմանն են ուղղված ՀՀ Պաշտպանության, Կրթության և գիտության, Արտակարգ իրավիճակների և մյուս նախարարությունների ու Երկրապահ կամավորականների միության համագործակցության բոլոր ծրագրերը, ստորագրված փոխըմբռնման հուշագրերը, որոնցով սկսվում են նոր սերնդի, պատանի երկրապահների ռազմահայրենասիրական դաստիարակության առաջին քայլերը:

 

Մենք միշտ էլ ականատեսն ենք եղել հայոց զինվորի նվիրվածությանն ու անձնազոհությանը, ինչն այսօր նոր սերնդի մեջ սերմանվում է մեր ընդհանուր գործունեության արդյունքում:

 

Բանակի օրվա և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման 23-րդ տարեդարձի առիթով Եռասերունդ երկրապահի անունից շնորհավորում եմ ամբողջ հայ ժողովրդին, Հայաստանի, Արցախի, աշխարհասփյուռ հայությանը, բանակի կազմավորման տարիներին զոհված մեր հայորդիների ընտանիքներին, հերոսներ ծնած մեր հերոս մայրերին, հատկապես մեր մեծ մորը' Գրետա մայրիկին, Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարին, սպաներին ու զինվորներին:

 

Առանձնահատուկ շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության և ազատագրված Արցախի սահմանները պաշտպանող զորքերին, սահմանապահ հայ ժողովրդին:

 

Շնորհավորում եմ նաև Հայոց պետականությունն ու խաղաղությունն այսօր պաշտպանող զինվորների ծնողներին, մայրերին, բոլոր զինծառայողների հարազատներին: Հպարտացեք ձեր զավակներով:

 

Յուրահատուկ շնորհավորանքներս եմ հղում նոր սերնդի դաստիարակությամբ զբաղվող մեր ուսուցիչներին ու դասախոսներին, մեծ է ձեր ավանդը ազգային բանակի համալրման գործում:

 

Միասնական ժողովուրդն ու հզոր և մարտունակ բանակն է երկրի խաղաղության ու կայունության երաշխիքը: Այդ խաղաղության ու կայունության համար նահատակվեցին մեր քաջարի մարտընկերները: Արժանի ու պաշտպան լինենք մեր նահատակ մարտընկերների պատգամին, միասնական և արժանավայել շարունակենք դիմակայել նոր մարտահրավերներին, հավատանք ինքներս մեզ, մեր պետությանը, մեր բանակին, մեր նոր սերնդին, մեր երեխաներին, ովքեր երիտասարդ ու պատանի երկրապահների կեցվածքով համալրում են մեր բանակի շարքերը, դառնում մեր երկրի պահապանն ու տերը, ամրապնդում հավատն ու վստահությունը վաղվա օրվա հանդեպ:

 

Հայոց բանակի կազմավորման տարեդարձի առիվ նպատակամղված շեշտում եմ մենք պարտավոր ենք ցեղասպանության 100-րդ տարելիցը դիմավորել ավելի համախմբված ու միասնական, որպեսզի միջազգային բոլոր ատյաններում ճանաչվի ցեղասպանությունն ու իրականանա հայ ժողովրդի պահանջատիրական իրավունքը:

 

Հայոց բանակի կազմավորման տարեդարձը տոն է համայն հայության համար:

 

ՀՀ Երկրապահ կամավորականների միության, Եռասերունդ երկրապահի և իմ անունից մեկ անգամ ևս շնորհավորում եմ հայ ժողովրդին, բանակի օրվա առթիվ, մաղթում հավատ ու վստահություն սեփական ուժերի հանդեպ:

 

Փառք Հայոց հաղթանակած բանակին, փառք հայ ժողովրդին, հավերժ փառք հայրենիքի համար նահատակված հայորդիներին»: