Պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի մահվանից հետո անցել է ութ տարի, սակայն նա ոչ միայն չի մոռացվում, այլև ամեն տարի ավելանում են նրա հիշատակին կազմակերպվող միջոցառումները: Թեպետ Թուրքիայում քաղաքական շարժառիթներով շատ հանցագործություններ են իրականացվել, շատերն են սպանվել, սակայն նրանց մահվան տարելիցները երբեք չեն լինում այնքան մարդաշատ, որքան Հրանտ Դինքի: Այս մասին թուրքական «Թարաֆ» պարբերականում գրել է թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը' փորձելով հասկանալ և վեր հանել այս պարադոքսային երևութների պատճառները:

 

«Ինչո՞ւ է Հրանտը վերածվել այսպիսի իմաստալից և կարևոր խորհրդանիշի: Հետաքրքիր է, թե ինչո՞ւ վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հանցագործության ութերորդ տարում կարիք զգաց Հրանտի հիշատակին հայտարարություն անել: Ո՞րն է Հրանտի հետ կապված հետաքրքրության և նրա կարևորության ավելացման պատճառը: Որպես պատասխան կարող եք մի քանի պատճառ մեջ բերել և, հավանական է, որ դրանցից մեկի դեպքում ճիշտ կլինեք: Սակայն այդ պատճառներից մեկը չափազանց ակնհայտ է' Հրանտի կապը 1915 թվականի հետ... Հրանտի կապը Հայոց ցեղասպանության հետ: Դինքի սպանության ութերորդ տարում այս կապն արդեն պաշտոնապես հաստատվեց: Եվ ոչ միայն Հրանտին հիշող զանգվածների, այլ նաև Թուրքիայի Հանրապետության վարչապետի կողմից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' գրում է Թաներ Աքչամը' վստահություն հայտնելով, որ այսուհետ այս կապի մասին սկսելու է շատ խոսվել և քննարկվել: Թուրք պատմաբանի խոսքով' սա կարևոր ձեռքբերում է, որը ինչքան էլ շեշտադրվի, միևնույն է, քիչ է: Հոդվածում նա նշում է, որ այսուհետև Հրանտի համար արդարության փնտրտուքները միայն մարդասպաններին հայտնաբերելուց այն կողմ են անցել և միացել են 1915 թվականի համար արդարության որոնումներին:

 

«Հրանտն արդեն դարձել է Ցեղասպանության համար փնտրտուք որոնումների խորհրդանիշը: Քանի դեռ չկա արդարություն ցեղասպանության հարցում, Հրանտի համար էլ արդարություն լինել չի կարող: Իրականում խնդիրը շատ ավելի խորքային է... Սակայն Հրանտը միայն 1915-ի համար արդարության փնտրտուքների խորհրդանիշն էլ չէ: Հրանտը Թուրքիայի ճնշված բոլոր հատվածների, անարդարության ենթարկված ցանկացած անձի, ուրիշ Թուրքիայի խորհրդանիշն է»,- նշում է թուրք պատմաբանը: Աքչամը գրում է, որ շատ մարդիկ, ովքեր գուցեև չունեն ընդհանուր քննարկման թեմաներ կամ որևէ ընդհանրություն, միայն Դինքի անունը տալիս գլուխ են խոնարհում և միավորվում են:

 

«1915 թվականի Հայոց ցեղասպանությունն անարդարության ամենադիպուկ դրսևորումն է: Ամենախորքային, ամենազանգվածային, ամենամեծ անարդարությունն է ցեղասպանությունը և այս առանձնահատկությունն ասես ձգողականության ուժի նման դեպի իրեն է քաշում և միավորում մյուս բոլոր անարդարությունները»,- եզրափակել է Աքչամը: