Թուրքիայում Facebook սոցիալական ցանցերում զինվորական համազգեստով լուսանկար տեղադրած զինծառայողները կարող են բանտարկվել 3 ամսից մինչև 2 տարի ժամկետով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ հարցը քննարկվում է Թուրքիայի ռազմական դատախազությունում:

 

Նշվում է, որ զինվորական համազգեստով լուսանկարը սոցիալական ցանցերում տեղադրած անձի նկատմամբ «հրամանին չենթարկվելու» հոդվածով մեղադրանք կներկայացվի, ինչը ենթադրում է 3 ամսից մինչև 2 տարի ազատազրկում:

 

Թուրքական «Միլիեթ» թերթը երեկ հայտնել է, որ Անկարայի Գյոլբաշը վարչական դատարանի որոշմամբ Թուրքիայում մասնակիորեն կարգելափակվեն մի շարք սոցիալական ցանցեր, այդ վթում' Twitter-ը և Facebook-ը: Դա կապված է այն բանով, որ որոշ սոցցանցերում Մուհամեդ մարգարեին վիրավորող ծաղրանկարներ են հրապարակվել և գրառումներ արվել:

 

Բացի այդ, անցյալ տարեվերջին սոցցանցերում Թուրքիայի հետախուզական կազմակերպության (MIT) կողմից Սիրիայի կառավարական ուժերի դեմ կռվող ապստամբներին և ահաբեկչական խմբավորումների զինյալներին զենք և սպառազինություն ուղարկվելու կասկածներն ապացուցող նյութեր են հրապարակվել: Մասնավորապես, տեսագրություն էր տարածվել Սիրիա զենք տեղափոխող Թուրքիայի MIT-ի մի քանի բեռնատարներ Ադանայում կանգնեցվելու և խուզարկվելու մասին: