Առաջիկա օրերին հարավ-արևմտյան տաք օդային հոսանքների ներհոսքը մեր երկիր շարունակվելու է:

 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ, աշխարհագրական գիտությունների թեկնածու Գագիկ Սուրենյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ ցիկլոն կդիտվի վաղը՝ երեկոյան ժամերին և հաջորդ օրվա գիշերը:

 

«Շրջաններում հունվարի 28-29-ի գիշերը հիմնականում ձյան տեսքով տեղումների ենք սպասում: Հունվարի 29-ի գիշերը տեղումների դադար կդիտվի և մինչև փետրվարի 1-ն առանց տեղումների եղանակ կլինի: Տաք օդային հոսանքները կակտիվանան ամսվա վերջին. Եգիպտոսից տաք օդի հզոր ալիք է սկիզբ առնում և անմիջապես տեղափոխվում է Կովկաս, այսինքն' եթե այս օրերին Երևանում գիշերը սպասվում է 0-2, ցերեկը' 8-10 աստիճան տաքություն, ապա արդեն հունվարի 31-ին և փետրվարի 1-ին ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով և հնարավոր է, որ Արարատյան դաշտում դիտվի մինչև 13-14, իսկ Սյունիքի և Տավուշի հովիտներում՝ մինչև 18 աստիճան տաքություն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Գագիկ Սուրենյանը:

 

Նրա խոսքով՝ փետրվարին նույնպես տաք է լինելու՝ հատկապես հանրապետության արևմտյան շրջաններում' Շիրակում, Արագածոտնում, Արարտյան դաշտում, Կոտայքում, Վայքում, Վայոց Ձորում:

 

«Սպասում ենք, որ ամսական միջին ջերմաստիճանը նորմայից 2-3 աստիճանով բարձր լինի: Առաջին տասնօրյակում հանրապետության լեռնային շրջաններում օդի ջերմաստիճանը ցերեկը մինչև 8-10 աստիճան կբարձրանա, իսկ ամսվա երկրորդ տասնօրյակում հնարավոր է 15-20 աստիճան ցուրտ' գիշերային ժամերին»,- նշեց նա:

 

Արարատյան դաշտում և Երևանում փետրվարի առաջին օրերին ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև 15 աստիճան, իսկ երկրորդ տասնօրյակում՝ առանձին օրերին հնարավոր է գիշերային ժամերին մինուս 8-10 աստիճան:

 

«Ամենատաքը Սյունիքում է լինելու: Ամբողջ ամիսը 2-3 աստիճանով սովորականից տաք եղանակ ենք սպասում»,- հավելեց Գագիկ Սուրենյանը: