Բաքվի Սաբայիլի շրջանի դատարանի որոշմամբ երկու ամսով երկարաձգվել է ադրբեջանցի լրագրող «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության աշխատակցուհի Խադիջա Իսմայիլովայի կալանքի ժամկետը:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

 

Դատարանը բավարարել է հետաքննչական մարմնի միջնորդությունը եւ նրա կալանքի ժամկետը երկարաձգել եւս երկու ամսով:

 

Խ. Իսմայիլովայի փաստաբան Յալչին Իմանովն ավելի վաղ լրագրողներին հայտնել էր, որ նրա կալանքի երկարաձգման համար որեւէ հիմք եւ անհրաժեշտություն չկա, քանի որ հետաքննչական աշխատանքներ չեն կատարվում:

 

Խադիջա Իսմայիլովան 2 ամիս ժամկետով ձերբակալվել է դեկտեմբերի 5-ին: Նրա նկատմամբ մեղադրանք է ներկայացվել «Ազադլըգ» ռադիոկայանի եւ «Մեյդան ԹՎ» հեռուստաալիքի նախկին աշխատակից Թուրալ Մուստաֆաեւին «ինքնասպանության փորձի դրդելու» հետ կապված հարուցված գործով: Եթե լրագրողին մեղավոր ճանաչեն, նրան սպառնում է մինչեւ 7 տարի ազատազրկում: Թ. Մուստաֆաեւը հետ է վերցրել բողոքը: Սակայն Ադրբեջանի «արդարադատությունը» շարունակում է նրան պահել կալանավայրում:

 

Խադիջա Իսմայիլովան Ադրբեջանի իշխանությունների թիրախ է դարձել իր լրագրողական գործունեության համար: Իսմայիլովան հանդիսանում է Ադրբեջանում իշխանության վերին էշելոններում կոռուպցիոն փաստերի լրագրողական հետաքննությունների հեղինակ, որոնց արդյունքում բացահայտվել է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ նրա ընտանիքի' օֆշորյան գոտիներում ունեցած հարյուր միլիոնավոր դոլարների հասնող ունեցվածքը: Վերջին տարիներին նա թոք-շոու էր վարում «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունում: