Մոզամբիկում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 117-ի: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով բնական աղետների հարցերով ազգային ինստիտուտին:

 

Հաղորդվում է, որ տարերային աղետի հետևանքով անցած տարվա դեկտեմբերի վերջից ավելի քան 157 հազար մարդ է տուժել: Իրավիճակն աստիճանաբար նորմալանում է: Վերջին օրերին նոր հեղեղումներ չեն եղել, անձրևները շարունակվում են, սակայն ոչ այնպես ինտենսիվ և առանց ակնհայտ հետևանքների:

 

Երկրում ստեղծվել է օգնության ցուցաբերման 41 կենտրոն, որտեղ ապաստան են գտել ավելի քան 50 հազար մարդ։ Փրկարարական աշխատանքները դժվարանում են ճանապարհների ու կամուրջների կործանման հետևանքով:

 

Մոզամբիկում անձրևների սեզոնը սկսվում է հոկտեմբերին, ավարտվում մարտին, և ամեն տարի ջրհեղեղը հանգեցնում է բնակչության շարքում զոհերի և ավերածությունների: 2013 թվականին տարերային աղետն ավելի քան 100 մարդու կյանք էր խլել, տուժել էին 250 հազար բնակիչներ: