Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Ստորին պալատի մի խումբ պատգամավորներ Ադրբեջանի իշխանության վարած ռեպրեսիոն քաղաքականությունը վատաբանող փաստաթուղթ են ընդունել: Փաստաթուղթը ստորագրել են Մեծ Բրիտանիայի խորհրդարանում ներկայացված ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, փաստաթղթում ասվում է. «Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Ստորին պալատը վատաբանում է Ադրբեջանի իշխանության լայնամասշտաբ բռնաճնշումները: Վերջին ամիսներին այդ երկրում լայնամասշտաբ չափերի է հասել անկախ լրագրողների եւ մարդու իրավունքների պաշտպանների քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունները:

 

Ադրբեջանի իշխանությունից պահանջում ենք անմիջապես եւ առանց նախապայմանների ազատ արձակել Խադիջա Իսմայիլովային, Լեյ լա Յունուսին, Ինթիգամ Ալիեւին, Ռասուլ Ջաֆարովին, Անար Մամեդովին եւ մյուս քաղաքական բանտարկյալներին: Մեզ սարսափեցնում է քաղբանտարկյալների, այդ թվում' Լեյլա Յունուսի դեմ կիրառված խոշտանգումները:

 

Բացահայտ երեւում է, որ Ադրբեջանի իշխանությունն աշխատում է ամբողջությամբ շարքից հանել ընդդիմադիր մտածողությամբ մարդկանց: Խիստ լուրջ անհանգստություն ծնող փաստերից մեկն էլ «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակի փակումն է: Գտնում ենք, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը Ադրբեջանում իրագործվող բռնաճնշումների հետ կապված լուրջ քայլեր պետք է կատարի»: