Հայոց բանակի 23-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ և ԼՂՀ ղեկավարները Եռաբլուր զինվորական պանթեոնում հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան պատերազմում զոհված հերոսների հիշատակին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, միջոցառմանը ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը: ՀՀ պետական այրերը ծաղիկներ դրեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի եւ զորավար Անդրանիկի շիրիմներին, ինչպես նաեւ Արցախյան ազատամարտի հերսոների հիշատակը հավերժացնող հուշարձանին:

 

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շնորհավորեց բոլորին Հայոց բանակի 23-րդ տարեդարձի կապակցությամբ' ընդգծելով, որ ամեն ինչ արվում է Զինված ուժերում արդարությունն ու ազնվությունը բարձր մակարդակի վրա դնելու ուղղությամբ: «Վերջին տարիներին մեր կատարած աշխատանքները ցույց են տալիս, որ մենք անընդհատ պրոֆեսիոնալ կադրեր ենք ավելացնում բանակում' հիմք ստեղծելով հետագայում պրոֆեսիոնալ բանակի անցնելու: Նաեւ ավելի բարձր հիմքերի վրա են դրվում զորակոչի անցկացման բոլոր ուղղությունները: Շատ դժվար է խուսափել բանակում ծառայ ությունից' լինի բժշկական թե այլ պատճառով, որովհետեւ բացի Կենտրոնական բժշկական հանձնաժողովից մենք համապատասխան օղակներ ենք մտցրել այդ աշխատանքի մեջ' Վերահսկիչ վարչությունից, ռազմական ոստիկանությունից, օպերատիվ ծառայությունից, որոնք համապատասխան աշխատանք են տանում: Չեմ բացառում, որ կլինեն նաեւ սխալներ, որովհետեւ չի սխալվում այն մարդը, ով չի աշխատում»,- լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

 

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ շնորհավորելով բանակի օրվա կապակցությամբ' հայ զինծառայողներին մաղթեց ուժ, կորով եւ համբերություն: Հարցին ի պատասխան, թե ինչի հետեւանք է Ադրբեջանի կողմի վերջին շրջանի ակտիվացումը, ՀՀ վարչապետն ասաց, որ Ադրբեջանի գործոդղությունները ոչինչ են, բացի սադրանքից:

 

Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսն էլ շեշտեց, որ հայ հոգեւորականներն առ աստած աղոթք են բարձրացնում եւ շնորհակալություն հայտնում նրանց, որ այդ խաղաղությունը տրվում է մեզ: «Մեր զինվորների կյանքի գնով մենք հայցում ենք Տիրոջից, որ իր օրհնության ներքո պահի անվրդով ու ապահով մեր արարումը, հաղթական ու զորեղ պահի Հայոց բանակը, որպեսզի մեր ժողովրդի կյանքն ընթանա ստեղծագործ ու խաղաղության ճանապարհով»,- ընդգծեց նա: Անդրադառնալով հարցին, թե ինչով է պայմանավորված Ադրբեջանի ակտիվությունը Կաթողիկոսն նկատեց, որ Ադրբեջանը պետք է մշտապես փորձի նման սադրիչ գործողություններ իրականացնել եւ լարվածության մեջ պահել մեր ժողովրդին եւ մեր երկիրը: «Եվ ցավալի են այն կորուստները, որ երկուստեք լինոում ենք այդ սադրիչ գործողությունների արդյունքում: Մեր բանակը պետք է համարժեք գործողություններով կարողանա զսպել ադրբեջանական կողմի սադրանքները»,- ասաց նա:

 

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն էլ շեշտեց, որ ինքն իր կյանքի կեսը նվիրել է բանակին եւ հիմա էլ շարունակում է ծառայել Հայոց բանակի համար: Ոստիկանապետը վստահեցրեց, որ ՀՀ ոստիկանությունն ունի ուժեղ բանակ, իսկ Հայոց բանակը' ուժեղ ոստիկանություն: