Եվրամիության անդամ երկրների ղեկավարները ԱԳ նախարարներին հանձնարարել են քննարկել նոր պատժամիջոցներ՝ ապահովելու Մինսկի պայմանավորվածությունների կատարումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ԵՄ-ի խորհրդի հաղորդագրության մեջ:

 

«Իրադրության վատանալու պայմաններում մենք խնդրում ենք ԵՄ-ի արտաքին գործերի խորհրդի առաջիկա նիստի մասնակիցներին՝ գնահատական տալ իրադրությանը եւ քննարկել բոլոր համապատասխան գործողությունները, հատկապես, հետագա սահմանափակիչ միջոցառումների առումով, որոնք ուղղված կլինեն Մինսկի պայմանավորվածությունների արագ եւ համապարփակ իրականացմանը»,-նշվում Է հաղորդագրության մեջ:

 

Փաստաթղթում չի ճշտվում, թե ում դեմ կարող են սահմանվել նոր պատժամիջոցները: Սակայն հաղորդագրության առաջին պարբերության մեջ ասված Է, որ ԵՄ-ի ղեկավարները նշում են Ռուսաստանի կողմից շարունակվող աջակցությունը Դոնբասի աշխարհազորայիններին, եւ դիմում են Մոսկվային՝ պահանջելով դատապարտել նրանց գործողությունները եւ կատարել Մինսկի պայմանավորվածությունները:

 

ԵՄ-ի ԱԳ նախարարների՝ Ուկրաինայի իրադրությանը նվիրված արտահերթ նիստը կկայանա հունվարի 29-ին: Ավելի վաղ ԵՄ-ն արդեն պատժամիջոցներ սահմանել Է Ռուսաստանի դեմ՝ դա պատճառաբանելով Ուկրաինայի արեւելքում իրադրության սրմամբ: Մոսկվան այդ միջոցառումները համարում Է անօրինական՝ պնդելով, որ ինքը հակամարտության կողմ չի հանդիսանում: