ՄԻԵԴ-ում այսօր սկսված «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» դատական նիստում իր փաստաբան Մեհմեթ Ջենգիզի ներածական ելույթից հետո պաշտպանական ճառով հանդես է եկել դատական գործի գլխավոր անձ, Թուրքիայի Աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը:

 

«Արմենպրես»-ը հատվածներ է ներկայացնում Փերինչեքի' թուրքական մամուլում հայտնված պաշտպանական ճառից:

 

Նշելով, որ Ստրասբուրգում է գտնվում «եվրոպացիների ազատության» համար, Փերինչեքը հայտարարել է, որ ՄԻԵԴ-ում «պաշտպանում» է «Եվրոպայում եւ Թուրքիայում հաշտությունն ու եղբայրությունը»: Նա կրկնել է Թուրքիայի կողմից բազմիցս չարչրկված' «Հայոց ցեղասպանությունն իմպերիալիստների սուտն է» թեզը, եւ հայտարարել, որ 1915 թվականի իրադարձությունները «քննարկելի» լինելն, իբր, պաշտպանել են նաեւ Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Աթեշյանն ու արքեպիսկոպոս Նշանյանը, ովքեր նույնպես, իբր, համամիտ են, որ այդ պնդումները «արտաքին ուժերÕ « դերակատարության» արգասիք են:

 

Փերինչեքն անամոթաբար հայտարարել է, որ 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն «չլինելն ապացուցող» 90 կգ, իբր, ռուսական եւ հայկական «փաստաղթեր» է ներկայացրել ՄԻԵԴ: Նա ասել է, որ «ցեղասպանությունը իրավական բնորոշում է», եւ ինքն այդ հարցում պատասխանատու է համարում «մեծ երկրներին»:

 

Նա նաեւ հայտարարել է, որ Եվրոպան «արգելք» է դրել Հայոց ցեղսպանությանը դեմ պնդումներին եւ դրանով «նվաստացրել» թուրքերին, թույլ չի տալիս պաշտպանվել նրանց, եւ որ, իբր, հայերը նույնպես նման ճնշումների են ենթարկվում եւ գտնվում «այդ ընկճիչ եզրույթի» մեջ:

 

«Արտահայտվելու ազատությունը երաշխավորող որոշումով ՄԻԵԴ-ը կդատապարտի նաեւ ատելություն սերմանող այդ արտահայտությունը», -»հույս» է հայտնել նա:

 

2008 թվականին Շվեյցարիայի դատարաններից մեկը Թուրքիայի աշխատավորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքին դատապարտել էր Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Փերինչեքը դիմել էր ՄԻԵԴ, եւ անցյալ տարվա դեկտեմբերին եվրոպական դատարանը բավարարել էր Շվեյցարիայի դեմ նրա հայցը: Շվեյցարիան բողոքարկել է ՄԻԵԴ վճիռը: