«Հայաստան» համահայկական հիմնադրամն արդիականացրել է ԼՂՀ Ասկերանի շրջանի Շոշ գյուղի' շուրջ մեկ տասնամյակ առաջ Տորոնտոյի տեղական մարմնի հովանավորությամբ կառուցված եռահարկ դպրոցը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստան» համահայկական հիմնադրամից, տորոնտոյի հայերի շարունակական հոգածության շնորհիվ այս անգամ էլ մասնակի վերանորոգում է իրականացվել դպրոցում, մասնավորապես, հարդարվել են արտաքին պատերը, միջանցքները, դահլիճը, գրադարանն ու բուժկետը պատվել են խտացված գրանիտե սալահատակով, նորոգվել են պատշգամբները: Տեղումներից արդյունավետ պաշտպանելու նպատակով պատուհանների ու պատշգամբների վրա տեղադրվել են ծածկեր: Դպրոցի տարածքը ցանկապատվել է:

 

«Հիմնադրամն իր հոգածության ներքո է պահում այս համայնքը: Շուտով այստեղ շահագործման կհանձնվի նաև Հիմնադրամի կողմից ներկայումս տարբեր գյուղերում կառուցվող ինը համայնքային կենտրոններից մեկը, որտեղ կենտրոնացված կլինեն գյուղի բուժկետը, գրադարանը, խաղասրահը, հանդիսությունների սրահն ու գյուղապետարանը»,-նշել է «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

 

Կրթօջախում այսօր ուսանում է շուրջ 150 աշակերտ' այդ թվում հարեւան համայնքներից: Տորոնտոահայ բարերարի աջակցությամբ 2012-ին դպրոցը ձեռք է բերել միկրոավտոբուս, որը սպասարկում է հարակից գյուղերի աշակերտներին: Երկու տարի առաջ Տորոնտոյի հայ համայնքի ջանքերով դպրոցի համակարգչային սրահն ապահովվել է նաեւ ինտերնետ կապով: Տարբեր տարիների դպրոցականներին նվիրաբերվել են սփյուռքահայ մեր հայրենակիցների կողմից կարված գեղեցիկ դպրոցական համազգեստներ: