Հայաստանի կառավարությունը հանդիպում կկազմակերպի բողոքի ակցիաներ անցկացնող տարբեր տոնավաճառների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու նրանց բարձրացրած հարցերը: Այդ մասին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

 

Վարչապետի խնդրանքով ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը ներկայացրեց «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի շուրջ տնտեսվարողների հետ նախորդ տարի ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

 

Միրումյանի խոսքով՝ նոր օրենքը, որն ընդունվեց նախորդ տարվա հունիսին, նախատեսում էր փոխզիջումային տաբերակ: Մասնավորապես, պետությունը շեշտակիորեն նվազեցրեց հարկային բեռը՝ սահմանելով փաստաթղթավորման պարտադիր պահանջ: «Օրենքի կիրառումը նախորդ տարվա հոկտեմբերի մեկից տեղափոխվեց մինչ փետրվարի մեկը, ինչը պայմանավորված էր չկարգավորված հարցերով, որոնք գործընթացի իրականացումը դժվարացնում էին: Կային բազմաթիվ տնտեսավարողներ, ովքեր ՀՀ-ի տարածքից դուրս կատարում էին ապրանքային ձեռքբերումներ, սակայն տեղափոխությունը կատարում էին մասնագիտացված կազմակերպության միջոցով, ովքեր փաստաթղթով չէին աշխատում: Կառավարությունն այդ նպատակով ընդունեց նոր նախագիծ, որով կարգավորվեց այդ խնդիրը: Մյուս հարցը վերաբերում էր գույքագրման սահմանված ձևին, որն, ըստ տնտեսվարողների, մատչելի չէր: Մենք վերանայեցինք նաև այդ ձևը և էականորեն հեշտացվեց ապրանքների գույքագրման կարգը, որը պետք է ներկայացնվի ընդամենը մեկ անգամ՝ ներկայացնելով ապրանքախմբի անվանումը և քանակը»,- ասաց Միրումյանը: Նրա խոսքով՝ հաջորդ հարցը վերաբերում էր օրենքի շուրջ իրազեկման խնդիրներին: Ըստ փոխնախարարի՝ այս ընթացքում հասարակական կազմակերպությունները բազմաթիվ հանդիպումներ են ունեցել տնտեսավարողների հետ, իրազեկել նրանց՝ գործընթացը կազմակերպելու համար:

 

ՀՀ վարչապետն արձագանքելով նշեց, որ այսօր կազմակերպվելու է հանդիպում տնտեսավարողների հետ և փաստեց, որ կառավարությունը նրանց հետ ինչ պայմանավորվել էր, կատարել է: Ի դեպ, ՓՄՁ-ների ներկայացուցիչները կրկին հավաքվել են կառավարության շենքի առջև: