«Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում հեպատիտ Ց-ով վարակի դեպքերի կապակցությամբ համաճարակային իրավիճակը ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ուսումնասիրություն կատարած հանձնաժողովն Արմեն Մուրադյանին զեկուցել է արդյունքների մասին: Նշվել է, որ արդեն կատարվել են հիվանդանոցում 2014թ. վիրահատված 192 հիվանդներից 68-ի և վիրահատված հիվանդն երի հետ առնչություն ունեցած բոլոր 27 բուժաշխատողի արյան զննություններ: Վերջնական ախտորոշման արդյունքում 13-ի մոտ արձանագրվել է հեպատիտ Ց-ով վարակվածություն: Նրանցից 7-ի մոտ ախտորոշվել է սուր հեպատիտ Ց: Վիճակագրական տվյալներով' սուր կլինիկական ձևերի 35-40 տոկոսի մոտ արձանագրվում է ինքնուրույն առողջացում։ Բոլոր վարակակիրները գտնվում են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի մասնագետների հսկողության ներքո, բոլորի մոտ առկա է կլինիկական և բիոքիմիական լավացում: Նախարարի հանձնարարությամբ՝ յուրաքանչյուր հիվանդի համար մշակվել է գործելակարգով հաստատված բուժման սխեմա, անհրաժեշտ ախտորոշման և դեղորայքի ցանկ:

 

Նախարարությունը հորդորում է 2014թ. վիրահատված մյուս քաղաքացիներին մինչև փետրվարի վերջը ներկայանալ հետազոտության Քաջարանի ԲԿ կամ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց։

 

Քաջարանի բժշկական կենտրոնի վիրահատարանի վերաբացման նպատակով Արմեն Մուրադյանը ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» մասնագետներին հանձնարարել է կարճ ժամանակում բժշկական գործիքների, վիրահատարանի և վիրաբուժական բաժանմունքի ախտահանման համար անհրաժեշտ բոլոր սարքավորումների ձեռքբերման առաջարկ ներկայացնել ԲԿ-ին և մանրակրկիտ ախտորոշում կազմակերպել:

 

Միաժամանակ, հանձնարարել է բժշկական ծառայությունների անվտանգությունն ապահովելու նպատակով մեկ ամիս սահմանել ամենօրյա ամենաբարձր մակարդակի հսկողություն՝ մինչև նոր պատասխանատուները լիովին կյուրացնեն գործընթացը։