Սիրիայի կառավարական պատվիրակությունը դրական էր տրամադրված ողջ հանդիպման ընթացքում, սակայն ընդդիմության ներկայացուցիչները չէին կարողանում միասնական դիրքորոշում ներկայացնել:

 

Այս մասին մոսկովյան հանդիպումների ավարտից հետո մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ, Մոսկվայում կառավարական պատվիրակության ղեկավար Բաշշար ալ Ջաաֆարին:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, նա նաև ավելացրել է, որ խորհրդատվական հանդիպման անցկացումը ելք է փակուղուց և սկիզբ երկխոսության համար: Ալ Ջաաֆարիի խոսքով՝ հանդիպումը հնարավորություն է ընձեռել հաղորդակցվել որոշ ընդդիմադիրների հետ, ովքեր հրաժարվում էին կառավարության հետ հանդիպումից և անհնարին պայմաններ առաջադրում:

 

Պատվիրակության ղեկավարը հերքել է լուրերն այն մասին, որ կառավարական և ընդդիմության պատվիրակությունների միջև վեճեր են եղել: «Տարաձայնություններ եղել են հենց ընդդիմադիրների մեջ»,- նշել է ալ Ջաաֆարին:

 

Նա նաև նշել է, որ կառավարական պատվիարկությունն աջակցում է ևս մեկ կառուցողական հանդիպման գաղափարին, որի անցկացման օրը կհամաձայնեցվի դիվանագիտական աղբյուրների միջոցով:

 

Տեղի ուենցած հանդիպման մասին ալ Ջաաֆարին նշել է, որ մանրամասն քննարկվել է ահաբեկչության հարցը, իսկ ռուսական կողմն աջակցել է իրենց, ուստի հարցը ներառվել է «մոսկովյան սկզբունքների» մեջ:

 

Նա հաստատել է, որ բոլորը խստորեն դատապարտել են իսրայելական ագրեսիան և կոչ արել միջազգային հանրությանը և ՄԱԿ-ին' ճնշում գործադրել Իսրայելի վրա:

 

Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել, որ մասնակիցները համաձայնության են եկել մի շարք սկզբունքների շուրջ, որոնք ստացել են «մոսկովյան սկզբունքներ» անվանումը: