Հայաստանը և Ուկրաինան շահագրգռված են շարունակել զարգացնել երկկողմ տնտեսական հարաբերությունները, քանի որ դա բխում է երկու երկրների շահերից:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ' փետրվարի 2-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան:

 

Դեսպանի խոսքովˋ 2014 թվականին երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական շփումներ չեն եղել, սակայն ուշադրության կենտրոնում են եղել երկկողմ տնտեսական հարաբերությունները: «Իմ կարծիքովˋ դրանք շատ հաջող կերպով են զարգանում: 2013 թվականին ապրանքաշրջանառությունը կազմել է 223 մլն դոլար: Պարզ է, որ ստեղծված իրավիճակով պայամանավորվածˋ 2014 թվականին այդ ցուցանիշը որոշակի առումով կրճատվել է, սակայն մենք փաստում ենք, որ թե Հայաստանը, թե Ուկրաինան շահագրգռված են զարգացնելու երկկողմ տնտեսական հարաբերությունները»,- ասաց նա: Անդրադ առնալով ՀՀ անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանըˋ դեսպանը նշեց, որ Ուկրաինան հարգում է Հայաստանի ընտրության իրավունքը և անկախ նրանից, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունում է, իսկ Ուկրաինան պատրաստվում է ասոցացվել Եվրոպական միությանը, երկու երկրների տնտեսական հարաբերությունները զարգանում են:

 

Իվան Կուխտան նշեց նաև, որ, անցնող տարին ուկրաինա-հայկական հարաբերություններում դժվարին էր քաղաքական առումով: Հայաստանը, պաշտպանելով Ռուսաստանին, դեմ է քվերակել 2014 թվականի մարտի 27-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի լիագումար նիստի բանաձեւի նախագծին, որը կոչ է անում երկրներին չճանաչել մարտի 16-ի հանրաքվեի արդյունքների հիման վրա Ռուսաստանի կազմ Ղրիմի մտնելը: «Դրանից հետո խորհրդակցության նպատակով հետ էր կանչվել Հայաստանում Ուկրաինայի դեսպանը: Այդ կապակցությամբ մենք մեր կարծիքն ենք հայտնել Հայաստանի ղեկավարությանը»,- ասաց Կուխտանˋ մի աժամանակ հավելելով, որ Հայաստանն առաջիններից էր ԱՊՀ երկրներից, ով ճանաչեց և շնորհավորեց նախագահ Պորոշենկոյին մայիսին նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ: