Ընթացիկ տարում հիդրօդերևութաբանական պայմաններն ավելի բարենպաստ են' ի համեմատ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի: Նախաձմեռային ժամանակաշրջանում դիտված տեղումները ավելին են, քան 2014թ. գարնանային վարարումների պարագայում և հողի խոնավության արժեքները նորմայից բարձր են, ուստի, այս տարի ձնհալքի կորուստները (ներծծանցման միջոցով) ավելի փոքր կլինեն, քան անցյալ տարի:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ' այս մասին ասված է ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայության տնօրեն Լևոն Վարդանյանի տարածած հաղորդագրության մեջ: «Հանրապետության հոսքագոյացման հիմնական շրջաններում (1800մ և ավելի բարձր) ձյան շերտի բարձրության բաշխվածությունը հունվարի 3-րդ տասնօրյակի դրությամբ' գետավազանների մեծ մասում կազմում է նորմայի 70-80%-ը, միայն Արփայի ավազանում 40-50%:

 

Ջրամբարների լցվածությունը 02.02.15թ. դրությամբ կազմում է. Ապարանի ջրամբարի համար' 12.9 մլն.խոր.մ (02.02.2014թ. դրությամբ կազմել է 11.83 մլն.խոր.մ), Ազատի ջրամբարի համար՝ 21.2 մլն.խոր.մ (02.02.2014թ. դրությամբ կազմել է 21.0 մլն.խոր.մ), Ախուրյանի ջրամբարի համար՝ 126 մլն.խոր.մ (02.02.2014թ. դրությամբ կազմել է 144.4 մլն.խոր.մ):

 

Գարնանային վարարումների հոսքի ծավալի, առավելագույն ելքերի մեծության և ՀՀ խոշոր ջրամբարների ջրալցվածության վերաբերյալ առավել հստակ կանխատեսումներ հնարավոր կլինի կազմել մարտի երրորդ տասնօրյակում՝ հաշվի առնելով ապրիլ-հունիսի եղանակի կանխատեսման, փետրվար-մարտի ընթացքում ձնածածկույթի փոփոխության, օդի ջերմաստիճանի և այլ տվյալներ, որոնք կարող են ազդել գարնանային վարարումների հոսքի մեծության վրա, ուստի, մեկ անգամ ևս հիշեցնում և խորհուրդ եմ տալիս բոլոր լրագրողներին և լրատվամիջոցներին, որ որոշ անհատների սեփական կարծիքները չվերագրել ՀՀ ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության մասնագետների վերլուծություններին և ներկայացված փաստերը յուրովի չվերափոխել և չապատեղեկացնել հանրությանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

Պաշտոնյայի խոսքով' երբեմն ՀՀ ՏԿԱԻՆ Հիդրոմետծառայության կողմից տրված տեղեկատվությունը աղավաղում և ստեղծում են լրացուցիչ մտահոգություններ և անհանգստություններ հանրության մեջ: «Հրապարակված այն տեքստը, որ «Ջրամբարները կարող են կիսատ լցվել, սակայն ոչ թե եղանակի, այլ՝ ՀԷԿ-երի պատճառով, և որ թեև տեղումների պակասը մտահոգիչ է, սակայն ջրամբարները լցվելու հարցը միայն դրանով չի պայմանավորում, այլ նախևառաջ ՀԷԿ-երով, որոնց պատճառով էլ, ոռոգման ջուր կուտակել չի հաջողվում», չի ներկայացվել և ոչ մի կերպ չի կարող հիմնավորվել ՀՀ ՏԿԱԻՆ Հիդրոմետծառայության կողմից:

 

Բացի այդ, որոշ անհատներ, նշելով այսպիսի մտքեր, թե «Նույն Հիդրոմետն անցյալ տարի էլ էր սակավաջրություն կանխատեսել, սակայն, արդյունքում' մարտի 30-ին 40 սմ ձյուն է գալիս, և ծիրաներինը ցրտահարվում են» և փորձելով հեգնել մասնագիտական կանխատեսումները, մոռանում են կամ պարզապես չեն տրամաբանում, որ մարտին տեղացած ձյան հետևանքով առաջացած ցրտահարությունը, ոչ մի կերպ չի կարող տարվա սակավաջրության հետ կապ ունենալ, քանզի դրանք բոլորովին տարբեր պատճառներով առաջացող երևույթներ են»,- նշված է հաղորդագրությունում: