ԱՄՆ-ի 2016 թվականի բյուջեի նախագիծը 561 միլիարդ դոլարի հատկացում Է նախատեսում ռազմական կարիքների, ինչպես նաեւ 58 միլիարդ՝ «արտասահմանում արտապլանային գործողությունների» համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Սպիտակ տան կայքում հրապարակված փաստաթղթում:

 

Նախագծի համաձայն՝ ԱՄՆ-ի ռազմական բյուջեն նախատեսում Է միջոցներ «Ռուսաստանի կողմից ճնշմանը եւ ագրեսիվ գործողություններին» դիմակայելու համար: Մասնավորապես, նախագծով 117 միլիոն դոլար Է հատկացվում «Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիվ գործողություններին հակազդելու» եւ 51 միլիոն դոլար՝ Մոլդովայում եւ Վրաստանում ապակայունացնող գործունեության դեմ պայքարելու համար:

 

789 միլիոն դոլար նախատեսված Է ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներին եւ Եվրոպայում գործընկերներին, ներառյալ այն երկրներին «քաղաքական, տնտեսական եւ ռազմական օժանդակություն» ցուցաբերելու համար, որոնք «Ռուսաստանի կողմից առանձնահատուկ ճնշման թիրախ են դարձել»: Օժանդակումը կներառի ֆինանսավորում ժողովրդավարության ամրապնդման եւ «Եվրամիությունում ինտեգրացման օժանդակման» համար:

 

Նախագիծը նաեւ նախատեսում Է 5,3 միլիարդ դոլարի ծախսեր Իրաքում եւ Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար, մասնավորապես, 1,3 միլիարդ դոլար կհատկացվի սիրիացի ընդդիմադիր մարտիկների ուսուցման եւ հանդերձման համար:

 

Ինչպես ասված Է փաստաթղթում, 14 միլիարդ դոլար կուղղորդվի «կիբեռանվտանգության բնագավառում ջանքերի օժանդակմանը»: