Օդեսայում զանգվածային բախում է տեղի ունեցել ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչների եւ տեղի «Ավտոմայդան» կազմակերպության ակտիվիստների միջեւ:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Դումսկայա» հրատարակությունը' նշելով, որ բախմանը մասնակցել են 100-ից ավելի ադրբեջանցիներ:

 

Նշվում է, որ հակամարտությունը հնարավոր է եղել կանգնեցնել այն բանից հետո, երբ միջամտել են տեղի հատուկ գումարտակի մարտիկները (նախկին «Բերկուտ»): Միջադեպը կապված է տեղի «Նիմֆա» պահպանության ընկերության եւ քաղաքապետարանի առեւտրի վարչության հետ խնդիր ունեցող ադրբեջանցի ձեռնարկատիրոջ վրա հարձակման հետ:

 

Օդեսայի «Ավտոմայդանի» ղեկավար Եվգենի Ռեզվուշկինը հաստատել է, որ բախման ժամանակ տուժել են իր գլխավորած կազմակերպության մի քանի ակտիվիստներ, որոնք ներկայում գտնվում են հիվանդանոցներում:

 

Ռեզվուշկինի խոսքով' երեկվա միջադեպում, որի ժամանակ իր ավտոմեքենան զրկվել է անիվներից, ենթադրվում էր, որ ադրբեջանցիների հետ հնարավոր կլինի խաղաղ լուծում գտնել, սակայն, չի հաջողվել, քանի որ անգամ հնարավոր չի եղել երկխոսել:

 

«Մենք պայմանավորվել էինք, որ հանդիպմանը նրանց կողմից կմասնակցեն երկու մարդ եւ միայն ես: Ես եկա մենակ, իսկ նրանք մոտ 100 հոգով: Խոսելու ժամանակ նրանք սկսեցին իրենց անհանգիստ պահել' գոռալ, հրել: Ծեծկռտուք սկսվեց, որի ընթացքում նրանք ծակեցին իմ ավտոմեքենայի անիվները», -ասել է նա: Ռեզվուշկինը նաեւ նշել է, որ իր վրա անգամ կրակել են, բայց անհաջող:

 

Օդեսայի «Ավտոմայդանի» առաջնորդը նշել է, որ դիմել են ոստիկանություն, եւ հետեւողական լինելով, հասնելու են այն բանին, որպեսզի մեղավորները պատժվեն: Օդեսայի ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչներն էլ «ավտոմայդանականներին» մեղադրում են ադրբեջանցի բիզնեսմեններին ծեծի ենթարկելու մեջ: