Կիեւի իշխանությունների կողմից Ուկրաինայի արեւելքի մարտական գործողությունների գոտում արտակարգ դրության ռեժիմի սահմանումը լրջորեն դժվարացնում է Դոնբաս անհրաժեշտ դեղորայքի տեղափոխումը, ինչպես նաեւ խաղաղ բնակիչներին թույլ չի տալիս հեռանալ վտանգավոր շրջաններից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Ա րմենպրես»-ը, ասված է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչության հերթական, թվով 25-րդ զեկույցում:

 

Ուկրաինայի նախարարների կաբինետը հունվարի 26-ին ընդունել է հրամանագիր, որով արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի տարածքում, ինչպես նաեւ բարձր պատրաստության վիճակ' ամբողջ երկրի տարածքում:

 

ՄԱԿ-ի եւ գործընկերների կողմից Դոնեցկ ձեռնարկված առաքելության ընթացքում պարզվել է, որ «կառավարության հսկողության տակ չգտնվող շրջանների բուժհաստատությունները ֆինանսավորում չեն ստանում կենտրոնական իշխանություններից, քաղաքի հիվանդանոցներին դեղորայք, սննդամթերք գնելու եւ աշխատավարձների վճարման համար միջոցների փոխանցումները դադարեցվել են անցած ամռանը»:

 

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, ՄԱԿ-ի հումանիտար վարչությունը նաեւ մտահոգություն է հայտնել բնակելի շրջանների շարունակվող գնդակոծումների, ինչպես նաեւ այն պայմանների կապակցությամբ, որոնցում մարդիկ ստիպված են ապրել Ուկրաինայի արեւելքում: Վարչությունը կոչ է արել հնարավորինս արագ մարդկանց տեղափոխել առավել ապահով վայրեր:

 

ԵԱՀԿ-ի մոնիթորինգային առաքելությունը հաղորդել է, որ Լուգանսկի շրջաններից մեկը գնդակոծվել է կասետային ռումբերով:

 

Առաքելության հաշվետվության մեջ ասված է, որ Արտյոմովսկի շրջանի դիտարկման ընթացքում, որտեղ գտնվում են հիմնականում միահարկ տներ, հայտնաբերվել են շինությունների եւ ցանկապատների այնպիսի վնասվածքներ, որոնք բնորոշ են կասետային ռումբերի պայթելուն:

 

Բացի այդ, գտնվել են նման ռումբի կրող հրթիռի բեկորներ: ԵԱՀԿ-ի դիտորդների կարծիքով՝ հրթիռակոծումն իրականացվել է հյուսիս-արեւմուտքից: Հրթիռակոծման հետեւանքով զոհվել է այդ շրջանի բնակիչներից մեկը:

 

Կասետային ռումբերը տրոհվում են օդում՝ անկման վայրում տարածելով մեծ քանակությամբ խոցող բաղադրատարրեր: