Ֆրանսիան որեւէ որոշում չունի ապրիլի 24-ին Թուրքիայում Չանաքքալեի հարյուրամյակի միջոցառումներին մասնակցելու վերաբերյալ: Անդրադառնալով Թուրքիայի' Չանաքքալեի պատերազմի 100-րդ տարին ապրիլի 24-ին տոնելու որոշմանը'այս մասին փետրվարի 4-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն' հրաժարվելով այլ մեկնաբանություն տալ Էրդողանի ք այլին ու այդ օրը Ֆրանսիայից Թուրքիա մեկնող հնարավոր պատվիրակության հարցին:

 

Նա նշեց, որ դրա վերաբերյալ հստակ տեղեկատվության չի տիրապետում և կարծես այսօրվա դրությամբ դեռևս հստակ որոշում էլ չկա, թե ով պիտի մասնակցի: Ամեն դեպքում, դեսպանի կարծիքով, ցանկացած երկիր ինքնուրույն է որոշում' որ ամսաթվին կազմակերպի այս կամ այն հիշատակի արարողությունը:

 

«Միակ բանը, որ կցանկանամ ձեզ ասել և որը շատ հստակ է, այն է, որ որ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդը ապրիլի 24-ին լինելու է Հայաստանում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' ասաց դիվանագետը: Նա ներկաներին հիշեցրեց հունվարի 28-ին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքի ժամանակ Օլանդի ելույթը' խորհուրդ տալով ընթերցել այն: «Օլանդի ելույթում հստակ ներկայացվում են ընկալումներն ու պատկերացումները' կապված հայ-ֆրանսիական հարաբերությունների հետ: Այն արդեն ֆրանսերեն զետեղված է Ֆրանսիայի դեսպանատան կայքում»,- տեղեկացրել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը' հավելելով, որ շուտով կայքում կտեղադրվի նաև ելույթի հայերեն տարբերակը: