Հայ առաքելական սուրբ եկեղեցին փետրվարի հինգին տոնում է Սուրբ Ոսկեանց քահանաների հիշատակության օրը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Ոսկյանները Հայ եկեղեցու առաջին նահատակներից ու ճգնավորներից են: Նրանց հիշատակությունը, ըստ եկեղեցական օրացույցի, տոնվում է կամ առաջավորաց պահքին հաջորդող հինգշաբթի օրը, եւ կամ Սուքիասյանց տոնի հետ միասին:

 

Ըստ ազգային ավանդության, Ոսկյանք Հռոմի կայսեր կողմից հայոց Սանատրուկ թագավորի մոտ ուղարկված 5 դեսպաններ էին, որոնք, առաջին դարի կեսերին գալով Հայաստան, հանդիպում են Թադեոս Առաքյալին եւ նրա քարոզներից ազդված մկրտվում՝ դառնալով քրիստոնյա: Նրանցից գլխավորը՝ Խռուսին (հայերեն՝ Ոսկի, այստեղից էլ՝ Ոսկյաններ) ձեռնադրվում է նաեւ քահանա:

 

Թադեոս առաքյալի նահատակությունից հետո Ոսկյանք մեկուսանում են հայոց Ծաղկոտն գավառի Ծաղկավետ կոչված լեռներում եւ շուրջ 40 տարի ճգնակյաց կյանք վարում: Առաջնորդվելով աստվածային պատգամով՝ նրանք գալիս են հայոց արքունիք՝ քրիստոնեություն քարոզելու հայոց Արտաշես թագավորին ու Սաթենիկ թագուհուն: Արքունիքում Ոսկյաններին հետեւում են միայն Սաթենիկ թագուհու ազգականները՝ Ալանաց երկրից թագուհու հետ Հայաստան եկած շուրջ 18 պալատականներ, որոնք մկրտություն են ստանում Եփրատ գետում եւ Ոսկյանների հետ հեռանում են լեռներ:

 

Վերջիններս իրենց գլխավորի՝ Սուքիասի անունով հետագայում կոչվում են Սուքիասյանք: Չհաջողելով համոզել եւ ետ վերադարձնել նախկին պալատականներին՝ հայոց արքայորդիները վրեժխնդիր են լինում նրանց քարոզիչներին՝ Ոսկյաններին, սրախողխող անելով նրանց: