Թուրքիայի քաղաքացիական հինգ կազմակերպության ներկայացուցիչներ Չանաքքալե հրավիրված երկրների առաջնորդներին կոչ են արել Թուրքիայի փոխարեն ապրիլի 24-ին այցելել Երևան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը'վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը, այս կոչին միացել են Մարդու իրավունքների կազմակերպության խտրականո ւթյան և ռասիզմի դեմ կոմիտեն, Իզմիրի ասորական ընկերակցությունը, Մշակույթի և համագործակցության հարթակը, «Նոր Զարթոնք»-ը, Մշակութային հարթակը և «Զան» սոցիալական հետազոտությունների հիմնադրամը:

 

Հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Մարդու իրավունքների կազմակերպության Ստամբուլի մասնաճյուղի ղեկավար Աբդուլբաքի Բողան հրավիրված պետությունների առաջնորդներին նախազգուշացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին չայցելել Չանաքքալե և չդառնալ հանցակիցը ոճրագործության: «Թուրքական պետությունն անում է ամենը Հայոց ցեղասպանությունը մոռացության տալու համար: Ցեղասպանության 100-րդ տարելիցին աշխատում է աշխարհի առաջնորդների ուշադրությունը շեղել այլ ուղղությամբ: Չանաքքալեի հիշատակի արարողությունները հայկական հիշատակի արարողություն ները մոռացության տալու փորձ են»,- ասել է Բողան:

 

Փաստաբան Էրեն Քեսքինը նշել է. «2005 թվականից մենք հիշատակում ենք Ցեղասպանությունը: Ամեն անգամ ասում ենք, որ շատ ենք ուշացել, բոլորս խաբվել ենք: Պետական մտածողության զոհն ենք դարձել»: Քեսքինը անդրադարձել է ՄԻԵԴ-ում քննվող Փերինչեքի դատավարությանը' ընդգծելով, որ դա ապացույցն է նրա, որ «բոլորը իթթիհաթականների շարունակությունն են»: «Մենք կոչ ենք անում Էրդողանի հրավիրած պետության ղեկավարներին. եթե մի փոքր խիղճ ունեք, Չանաքքալե մի եկեք, գնացեք այնտեղ, որտեղ իսկապես դառնություններ են եղել»,- ասել է նա:

 

Ասուլիսի մյուս բանախոսները ևս քննադատել են մշտապես մարտին նշվող Չանաքքալեի արարողություններն այս տարի ապրիլի 24-ին անելու թուրքական պետության որոշումը: «Ցեղասպանության պատասխանատվությունը մինչ օրս կրող Թուրքիայի Հանրապետության ղեկավարների հրավերը մի ընդունեք: Հայտարարեք, որ ապրիլի 24-ին Չանաքքալե չեք գալու, Ցեղասպանության զոհերի հիշատակը չեք անարգելու, նրանց թոռների հարյուր տարվա սուգը չեք տրորելու անցնեք»,- կոչ են արել ներկաները: