Վրաստանում ՆԱՏՕ-ի ուսումնավարժական կենտրոնի ստեղծումը սադրիչ քայլ է, նման կենտրոնի անհրաժեշտություն չկա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին, հայտարարել է դաշինքին առընթեր ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Գրուշկոն:

 

Վրաստանում տարածաշրջանային վարժական կենտրոնի ստեղծման ՆԱՏՕ-ի պլանների մասին տակավին 2014 թվականի սեպտեմբերի 1-ին հայտարարել էր դաշինքի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը: Փետրվարի 5-ին Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստի արդյունքում դաշինքի ներկայիս ղեկավար Ենս Ստոլտենբերգը հայտնել է, որ կենտրոնի աշխատանքին կմասնակցեն դաշինքի անդամները, այնտեղ ուսուցում կանցնեն ՆԱՏՕ-ի, Վրաստանի եւ գործընկեր երկրների զինծառայողները: Վրաստանի պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեն նշել է, որ կենտրոնի տեղակայման վայրի վերաբերյալ տեղեկատվու թյունը կարող է հայտնվել փետրվարի վերջին: Հնարավոր վայրերի թվում նշվում է Թբիլիսիի մերձակա Վազիանիի ռազմակայանը:

 

«Վրաստանում ուսումնավարժական կենտրոնի ստեղծումը քայլ է, որը չի կարելի գնահատել այլ կերպ, քան սադրիչ: ՆԱՏՕ-ն ինչ-ինչ կենտրոններ ստեղծելու ոչ մի անհրաժեշտություն չունի: Մենք, իհարկե, կպարզենք՝ ինչի մասին է խոսքը, բայց, այդուամենայնիվ, Վրաստանում նատօյական ռազմական օբյեկտների հայտնվելը լարվածության ուժեղացման եւ տարածաշրջանի անվտանգության վատացման տանող քայլ է»,- հայտարարել է Գրուշկոն ռուս լրագրողներին:

 

Նրա խոսքով՝ «Սեւ ծովի տարածաշրջանում կան բոլոր պայմանները, որպեսզի անվտանգությունն ապահովվի տարածաշրջանային պետությունների, այսինքն՝ սեւծովյան երկրների կողմից»:

 

Վրաստանում վարժական կենտրոնի բացումը պլանավորված է այն միջոցառումների փաթեթով, որոնք աջակցում են ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ձգտմանը: Փաթեթը հաստատվել է դաշինքի՝ 2014 թվականի սեպտեմբերին Ուելսում կայացած գագաթնաժողովում: